Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+36

Կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակն իր աջակցությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին

06.03.2013, 19:40
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակն իր աջակցությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաև կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսը:

Ողջունելով ներկաներին վարչապետը նշել է. «Այսուհետ մեր նիստերին մասնակցելու են նաև մեր դոնոր գործընկերները: Մեր աշխատանքները պետք է դարձնենք առավել թափանցիկ և դոնորները՝ որպես շահագրգիռ կողմ, պետք է մշտապես ներգրավված լինեն այդ աշխատանքներին, որպեսզի հստակ պատկերացնեն, թե ինչ խնդիրներ ենք մենք լուծում և ինչպիսի քայլերով ենք առաջ գնում»:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կարգավորիչ գիլյոտինը մեր երկրում առաջին հերթին կիրառվում է այն ոլորտներում, որոնք մեծապես կապված են փոքր և միջին բիզնեսի հետ:

Սքոթ Յակոբսն իր հերթին նշել է, որ գիլյոտինի կիրառումը ենթադրում է լուրջ բարեփոխումներ, որի նպատակն է բարելավել երկրի մակրոտնտեսական միջավայրը՝ բիզնես գործունեության և ներդրումների համար: Կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակն իր աջակցությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր բնագավառներում բարեփոխումները հիմնարար կերպով առաջ տանելու և դրանց նոր ուժ հաղորդելու համար:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող գիլյոտին ծրագրի ընթացքը և հետագա քայլերը:

ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Խորհրդի կազմում են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ՀՀ ֆինանսների նախարարը: ՀՀ Նախագահի հրամանագրով նախանշվել են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող 17 ոլորտները:

ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը, որի հիմնական նպատակն է էականորեն կրճատել և պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը և Ավստրիայի զարգացման գործակալությունը:-0-