Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կներդրվի ՀՀ տարածքից մեկնող բեռնատարների հերթերի կառավարման համակարգ․ նախագիծ

Այսօր, 18:20
Հերթերի կառավարման համակարգ ներդնելու մասով ուսումնասիրվել է Եվրամիության և Վրաստանի փորձը, ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը
Կներդրվի ՀՀ տարածքից մեկնող բեռնատարների հերթերի կառավարման համակարգ․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Առաջարկում ենք ՀՀ տարածքից մեկնող բեռնատարների հերթերի կառավարման համակարգ ներդնել։

Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Նրա խոսքով՝ հերթերի կառավարման համակարգ ներդնելու մասով ուսումնասիրվել է Եվրամիության և Վրաստանի փորձը, ինչպես նաև հարցում է իրականացվել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում, որին մասնակցել է 45 սուբյեկտ:

«Հարցվածների շուրջ 87%-ը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի ցամաքային անցման կետերում, իսկ շուրջ 62%-ը նշել է՝ հերթի սկզբից մինչև մաքսային կետ մուտք գործելու տեւողությունը միջինում կազմում է 3 ժամ», -նշել է Սահակյանը՝ հավելելով, որ հարցվածների 73%-ն էլ ընդգծել է, որ ցամաքային անցման կետերի մոտակայքում առկա է բեռնատար տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղիի անհրաժեշտություն:

Նախագծով առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն։ Կգործի նաև հերթերի կառավարման ավտոմատ էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակով:

Նախատեսվում է, որ Կառավարությունը կսահմանի համակարգին միանալու կարգը, կայանատեղիների կազմակերպիչներին ներկայացվող պահանջները և հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը: Կսահմանվեն նաև համակարգին միանալու դիմումների բովանդակությունը և այլն։

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: