Կպարզեցվեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման սահմանված ընթացակարգերը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հինգշաբթի կայացած նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններն ու լրացումները, որոնք առաջարկում են պարզեցնել քաղաքացիների կողմից իրենց եկամուտների հայտարարագրման գործընթացը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում ՊԵԿ-ի կողմից։
«Հայտարարատուներին կտրվի բավական տևական ժամանակ մուտք գործելու ՊԵԿ համակարգ և ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը, և ըստ այդմ և անհրաժեշտության՝ կատարելու համապատասխան փոփոխություններ և կամ լրացումներ։ Իսկ եթե չկա այդպիսի փոփոխությունների և լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված»,-ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով, այս և հաջորդ տարվա համար կտրվի անցումային ժամանակահատվածին հատուկ ավելի երկար վերջնաժամկետ՝ մինչև նոյեմբերի 1-ը, որպեսզի քաղաքացիները ժամանակ ունենան ծանոթանալու նոր ձևաչափին։
«Քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք»,-նշել է Պողոսյանը։
Միաժամանակ, Պողոսյանը նշել է, որ բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք և ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը։
Ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է նաև մի շարք լրացուցիչ փոփոխություններ։
Մասնավորապես, նա ասել է, որ որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորին չափ ամբողջական և որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվության շրջանակը։
Նա ասել է, որ Կառավարությանը կտրվի լիազորություն որոշելու, թե որ եկամուտներն են ազատվում հայտարարագրումից, թե՞ հաշվի կառնվեն միայն որոշակի շեմից բարձր եկամուտները։
«Առաջինն այն մասին է, որ ընտանիքի անդամների միջև նվազեցվող, այսինքն՝ չհարկվող եկամուտները չլինեն հայտարարագրման ենթակա։ Սրանով մենք էականորեն կպարզեցնենք հայտարարագրման գործընթացը, որովհետև մարդիկ ավելի շատ դժվարություններ ունեն այս ընթացիկ՝ ընտանիքի անդամների միջև կատարվող կենցաղային ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխանցումներից, և այս հարցը, ըստ էության, հիմնովին կլուծվի: Երկրորդ առաջարկն այն մասին է, որ եթե խոսքը երրորդ անձանցից ստացվող տեղեկատվությունների մասին է այն դրվագում, որ դա կարող է լինել, օրինակ՝ բանկային տեղեկատվություն, ֆինանսական այլ հաստատության կողմից տրվող տեղեկատվություն, ապա այն հարկային մարմնին փոխանցվի հայտարարատու ֆիզիկական անձի համաձայնության պարագայում միայն»,-ասել է Պողոսյանը։
Վարչապետը նշել է, որ սրանով քաղաքացին չի ազատվում հայտարարագիր լրացնելու պարտավորությունից։
«Այդ ամբողջ հարկային պատմությունը գեներացվելու է, և եթե որևէ X պահի ի հայտ եկավ, որ մարդը պետք է տվյալ լրացնել և չի լրացրել, այդ դեպքում արդեն հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու՝ արդեն մեր օրենսդրության համաձայն»,-ասել է նա։
Կառավարության որոշումը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը։