Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հայկական ընկերությունների համար IPO շուկա մտնելու առաջին քայլը կդառնա

22.04.2013, 20:06
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հայկական ընկերությունների համար կարող է առաջին քայլը դառնալ IPO շուկա դուրս գալու համար, կարծում է  Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին։
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հայկական ընկերությունների համար IPO շուկա մտնելու առաջին քայլը կդառնա
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հայկական ընկերությունների համար կարող է առաջին քայլը դառնալ IPO շուկա դուրս գալու համար, կարծում է  Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին։

NASDAQ OMX Արմենիա բորսայի գնահատականներով` 2014 թվականից սկսվելիք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով տարեկան շուրջ 100-150 մլն դոլար կմտնի Հայաստանի ֆինանսական շուկա ։

«Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում ժամանակի ընթացքում ֆոնդերը կանցնեն պետպարտատոմսերի շուկայում միջոցների ներդրումից կորպորատիվ պարտատոմսերում ներդրումների, իսկ այնուհետև արդեն նաև բաժնետոմսերին, ինչը թույլ կտա հիմք դնել հայկական ընկերությունների` IPO շուկա մտնելու համար»,– երկուշաբթի ասաց նա լրագրողներին։

Խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հասարակության անվստահության մասին` ֆոն Ռեկովսկին նշել է, որ կենսաթոշակային ֆոնդերի մենեջերների ի հայտ գալու և շրջանառու ֆոնդերի կառուցվածքի զարգացմանը զուգընթաց կապիտալի շուկայի և համակարգի առաջընթացն ընդհանուր առմամբ ակնհայտ կլինի, և քաղաքացիների վստահությունը կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ կաճի։

Նա ավելացրեց նաև, որ Հայաստանի համար հաջողված մոդելների օրինակ կարող են դառնալ Չիլիի, Լեհաստանի և Ռուսաստանի կենսաթոշակային համակարգերը։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո:

Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը։

Fidelity Investments–ը աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկն է ֆինանսական ծառայությունների շուկայում։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով ընկերության ակտիվների ծավալը հասել է 1.4 տրլն դոլարի։
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ «Ամերիաբանկը» Հայաստանի առաջին ներդրումային բանկն է և, 2007 թվականից սկսած, նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։ –0–