Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը ՀՀ–ում կնպաստի արժեթղթերի շուկայի զարգացմանը. Նախարար

14.09.2012, 16:03
Հայաստանում 2014 թվականից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կնպաստի արժեթղթերի շուկայի զարգացմանը, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թվականից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կնպաստի արժեթղթերի շուկայի զարգացմանը, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, ինչպես վկայում է միջազգային փորձը, ինքնին չի նպաստում արժեթղթերի շուկայի զարգացմանը, քանի որ կենսաթոշակային ֆոնդի միջոցները կներդրվեն հենց արժեթղթերում»,– ասաց նա «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովից հետո։

Նախարարի խոսքով, 2010 թվականին կենսաթոշակային բարեփոխումների ընդունման պահից կառավարության և Կենտրոնական բանկի կողմից արդեն մշակվել են ենթաօրենսդրական իրավական տասնյակ ակտեր` դրանց ապահովման նպատակով։

«Շարունակվում են մի շարք ենթակառուցվածքների ներդրման աշխատանքներ, մասնավորապես, NASDAQ OMX Արմենիան աշխատանքներ է իրականացնում անհատական հաշվարկների համակարգի ստեղծման ուղղությամբ»,– նշեց նա։

Ասատրյանն ընդգծեց նաև, որ դրան զուգահեռ ԿԲ–ն և Ֆիննախը քայլեր են իրականացնում ֆինանսական շուկայում ակտիվները կառավարող ընկերությունների գործունեության ակտիվացման ուղղությամբ` տվյալ գործընթացում ներգրավելով նաև կազմակերպություններ, որոնք մեծ հեղինակություն են վայելում միջազգային արժութային շուկայում։

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր հերթին ընդգծեց, որ բազմաթիվ երկրներում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման պահին արժեթղթերի շուկայում ճահճացում է նկատվում, սակայն, հենց նոր կենսաթոշակային համակարգն է օգնել այն հաղթահարել։

«Մեկնարկային վիճակի համար, անշուշտ, ավելի լավ կլիներ, որ արժեթղթերի շուկան ավելի մեծ գործիքներ տրամադրեր, որպեսզի կենսաթոշակային ֆոնդի կառավարողներն իրենց միջոցների ներդրման համար ավելի լայն հնարավորություններ ունենան։ Բայց կարծում եմ, որ աստիճանաբար շուկան կզարգանա»,– ասաց նա։

Ուրբաթ Հայաստանում կայացել է USAID–ի կողմից «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» շրջանակներում կազմակերպված  «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովը։ Համաժողովին մասնակցել են, մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆֆերնը, Հայաստանում USAID առաքելության ղեկավար Կարըն Հիլիարդը, ԿԲ–ի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո: --0—