Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Լավրով․ տեխնիկապես անհնար է անցում կատարել ԵՄ ստանդարտներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ

Այսօր, 15:01
Յուրաքանչյուրի համար, ով որևէ կերպ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին, ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության ստանդարտներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ, հայտարարել է Լավրովը
Լավրով․ տեխնիկապես անհնար է անցում կատարել ԵՄ ստանդարտներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ Տեխնիկապես անհնար է անցում կատարել Եվրամիության ստանդարտներին՝ մնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի ձգտումը դեպի եվրաինտեգրում։

«Յուրաքանչյուրի համար, ով որևէ կերպ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին, ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության ստանդարտներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա պարզապես տեխնիկապես անհնար է», — հայտարարել է Լավրովը 2025 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի նախարարի խոսքով՝ այս դիրքորոշումն ավելի վաղ պարզաբանել էր նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հայ գործընկերոջ հետ շփումների ընթացքում։

ԵԱՏՄ-ի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշման մասին

ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Եվրոպական միությունը չի փոխգործակցում Եվրասիական տնտեսական միության հետ և, ըստ նրա գնահատականի, քայլեր է ձեռնարկում՝ ուղղված միավորման թուլացմանը։

«Եվրամիությունը ԵԱՏՄ-ի հետ չի փոխգործակցում, բայց փորձում է հնարավորինս վնասել ԵԱՏՄ-ին՝ այդ թվում բոլորին հայտարարելով, որ Եվրամիությանն անդամակցելը պետք է առաջնահերթություն լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նորմալ զարգանալ և մտածում են իրենց ժողովրդի մասին։ Այժմ նույն կերպ «հրապուրում» են Հայաստանին, ինչպես գիտեք», — նշել է Լավրովը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ եվրասիական անվտանգության համակարգի և Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման վերաբերյալ Ռուսաստանի և Բելառուսի նախաձեռնությունը ենթադրում է մայրցամաքի բոլոր երկրների, այդ թվում՝ ԵՄ պետությունների մասնակցությունը։ Լավրովը հիշեցրել է, որ եվրասիական անվտանգության հարցերով մինսկյան կոնֆերանսներում ավելի վաղ մասնակցում էին Հունգարիայի արտաքին գործերի նախարարներն ու Սլովակիայի ներկայացուցիչները՝ վստահություն հայտնելով, որ ապագայում եվրոպական երկրների մասնակցությունն ապագայում կընդլայնվի։

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին

Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 26-ին հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի նախագծին։ Ապրիլի 4-ին օրենքը ստորագրել է ՀՀ նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ ստանդարտների համապատասխանեցում՝ պահպանելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին, և կհամատեղի այդ գործընթացները, քանի դեռ դա հնարավոր է։ Ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի խզել կապերը ՌԴ-ի հետ։ Նա նշել է, որ պետք չէ նաև զուգահեռներ անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ։