Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում շուրջ 12.4 մլն դոլար է հավաքվել

28.11.2014, 10:22
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի արդյունքում 12 399 550 դոլարի հանգանակություն է հավաքվել։ Մարաթոնն անցկացվել է Լոս Անջելեսում։
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում շուրջ 12.4 մլն դոլար է հավաքվել
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի արդյունքում 12 399 550 դոլարի հանգանակություն է հավաքվել։ Մարաթոնն անցկացվել է Լոս Անջելեսում։

Մասշտաբային միջոցառումը հեռարձակվել է հինգշաբթի ժամը 20։00–ից մինչև ուրբաթ 08։00–ն։ Հայաստանում 12–ժամյա հեռուստամարաթոնը հեռարձակել են չորս հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Արմենիա», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները։

Նոյեմբերի 19–23–ը եվրոպական երկրներում կայացած «ֆոնետոնի» ընթացքում 1.37 մլն եվրոյի հանգանակություն է հավաքվել և հանգանակության խոստում է ստացվել։

Միջոցառումն այս տարի անցկացվել է  «Տաղանդ, հմայք և առատաձեռնություն» խորագրի ներքո: Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ և Լիոն քաղաքներում տեղակայված կայաններից ավելի քան 750 կամավոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60000 հայ ընտանիքների ու կազմակերպությունների և հորդորել համայնքին ու բարի կամքի տեր մարդկանց մասնակցել հայրենիքի շենացմանն ուղղված նախաձեռնություններին: Նման ուղերձով հանրությանը դիմել են նաև միջոցառման «կնքահայրն» ու «կնքամայրը»` ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին և հայտնի հաղորդավարուհի, մոդել, Ֆրանսիայի Կարմիր Խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն:

Հավաքված գումարները կուղղվեն ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, սիրիահայերի աջակցությանը, 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս–Մարտակերտ ավտոմայրուղու վերակառուցման ավարտին, որը Հայաստանը կապում է ԼՂՀ–ի հետ։ Նախորդ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 22,661 մլն դոլար, որից 12,35 մլն դոլարը` Ռուսաստանից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ։ Գործունեության 21 տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է մոտ 236 մլն դոլարի ծրագրեր, որոնք ուղղվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։–-0-