Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման և գնումների համար առաջարկվում է սահմանել առանձնահատկություններ․ քաղաքապետարան

Այսօր, 12:48
Այս ամենը հնարավորություն կտա շինարարության և տեխնիկական հսկողության մրցույթներն անցկացնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման և գնումների համար առաջարկվում է սահմանել առանձնահատկություններ․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ներկայացվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել առանձնահատկություններ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման և գնումների գործընթացների համար, հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանն այսօր կայացած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։

«Այս առանձնահատկությունները հնարավորություն են տալու միջազգային պայմանագրերի կառավարման լավագույն փորձն ինտեգրել Հայաստանի գործող գնումների օրենսդրության ընդհանուր կանոնակարգերի հետ», - ասաց Բաբայանը՝ չմանրամասնելով, թե ինչ կոնկերտ առանձնահատկությունների մասին է խոսքը։

Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա շինարարության և տեխնիկական հսկողության մրցույթներն անցկացնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան։ 

Քաղաքապետի հանձնարարականով՝ երկշաբաթյա ժամկետում պատրաստ կլինի նաև տեխնիկական հսկողության բնութագիրը:

Նշենք, որ ավելի վաղ նախատեսվում էր «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը սկսել 2024 թվականին, այնուհետև ժամկետները տեղափոխվեցին 2025 թվականի վերջ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվական։

2025 թվականի քաղաքային բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված էր հատկացնել 9,6 մլրդ դրամ, որից հետո այդ գումարը կրճատվեց մինչև 1,4 մլրդ դրամ։ 2026 թվականի բյուջեի նախագծում լրացուցիչ ներառվել է ևս 2 մլրդ դրամ։

Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ 2025 թվականին «Աջափնյակ» կայարանի շինարարության համար նախատեսված միջոցների մի մասն ուղղվել է 12 մետր երկարությամբ 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։

«Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին

«Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարության ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատվում է մոտ 50 մլն դոլար։ Նախագծային աշխատանքների համար Հայաստանի կառավարությունը տրամադրել է 750 մլն դրամ, ևս 554 մլն դրամ հատկացրել է քաղաքապետարանը։

Կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն իրականացրել է համապատասխան մրցույթում հաղթած «Մետրոգիպրոտրանս» (Ռուսաստան) ընկերությունը։