Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

ՄՄ–ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ

12.09.2013, 15:03
Մաքսային միությանն անդամակցելը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, կարծում է «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ՄՄ–ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանն անդամակցելը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, կարծում է «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։

«Մաքսային միությանն անդամակցելն ուղղակիորեն խթանում է Հայաստանի տնտեսության զարգացումը։ Ոչ վաղ անցյալում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական գոտի ենք ունեցել, ընդհանուր արդյունաբերական–տնտեսական մշակույթ, մեր գործարաններն աշխատում էին նույն տեխնոլոգիայով։ Այսօր բարձրացնելով ինտեգրացիոն կապերի զարգացման և խորացման հարցը` ենթադրվում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտներն ավելի ազատ կկարողանան վերականգնել տնտեսական կապերն իրենց գործընկերների հետ` այդպիսով բարձրացնելով իրենց տնտեսական գործառույթների արդյունավետությունը», – հինգշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը։

Նշելով, որ ցանկացած պետություն ձգտում է ապահովել մարդկային ռեսուրսների, կապիտալի, ծառայությունների և ազատ տեղաշարժվելու անկախությունը, Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ ՄՄ–ին միանալը Հայաստանի համար կապահովի այդ անկախությունը։

Փորձագետը նաև անհիմն համարեց հայկական հասարակությունում շրջանառվող մտավախություններն այն մասին, թե ՄՄ–ին անդամակցելը կարող է Հայաստանին զրկել քաղաքական անկախությունից։

«ԱՄՆ–ից մինչև Մոզամբիկ, աշխարհում ոչ մի տեղ գոյություն չունի բացարձակապես անկախ պետություն։ Բոլոր երկրները գտնվում են որոշակի տնտեսական, քաղաքական և ռազմական–ռազմավարական կախվածության մեջ», – ասել է նա։

«ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը ՄՄ անդամ–երկրներին` Սաֆարյանը, մասնավորապես, նշեց հայկական կոնյակը, գյուղմթերքը, արդյունաբերական ապրանքները (այդ թվում նաև կոմպրեսորները), ինչպես նաև տրիկոտաժե իրերը։

Միաժամանակ Սաֆարյանն ընդգծեց, որ ՄՄ–ին անդամակցելը չի ենթադրում, թե տնտեսական կապերը կդադարեցվեն Եվրոպայի հետ։ «Նրանք, ովքեր առևտուր են անում ԵՄ երկրների հետ, պետք է շարունակեն այն, քանի որ Եվրոպային հարկավոր են մեր կողմից արտահանվող ապրանքները, հատկապես հանքահումքային ռեսուրսները», – նշել է նա։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, դեպի ԵՄ երկրներ Հայաստանից արտահանման ծավալը 2012 թ.–ի հունվար–դեկտեմբերին կազմել է 560,3 մլն դոլար, իսկ դեպի Մաքսային միության երկրներ (ՌԴ, Ղազախստան, Բելառուս)` շուրջ 293 մլն դոլար։

Միաժամանակ 2013 թ.–ի հունվար–հունիսին Հայաստանից ԵՄ երկրներ է արտահանվել 250,5 մլն դոլարի ապրանք, ինչը 3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ Մաքսային միության երկրներ է արտահանվել 149,4 մլն դոլարի ապրանք` 2012 թ.–ի հունվար–հունիսին արտահանված 125,3 մլն դոլարի ապրանքի համեմատ։–0–