Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՄՄ-ին անդամակցելը Հայաստանին երկամյա հեռանկարում տնտեսական արդյունք ցույց կտա` ՀՆԱ-ին 4-4,5% ավելացման տեսքով

25.09.2013, 14:20
Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցությունը, ըստ նախնական հաշվարկների, երկամյա հեռանկարում տնտեսական արդյունք ցույց կտա` ՀՆԱ–ի տարեկան աճին 4-4,5% ավելացման տեսքով, կարծում է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
ՄՄ-ին անդամակցելը Հայաստանին երկամյա հեռանկարում տնտեսական արդյունք ցույց կտա` ՀՆԱ-ին 4-4,5% ավելացման տեսքով
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցությունը, ըստ նախնական հաշվարկների, երկամյա հեռանկարում տնտեսական արդյունք ցույց կտա` ՀՆԱ–ի տարեկան աճին 4-4,5% ավելացման տեսքով, կարծում է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։

«Առաջին հերթին` Ռուսաստանը կհրաժարվի գազի արտահանման տուրքից, ինչը Հայաստանին տարեկան շուրջ 140 մլն դոլարի չափով տնտեսական արդյունք կտա։ Երկրորդ հերթին` ՄՄ–ի շրջանակում ազատ առևտրի ռեժիմից կվերացվեն որոշ առգրավումներ, այդ թվում նաև Հայաստանի համար բավական կարևոր ռուսական չմշակված ալմաստի արտահանման տուրքը` 6,5 տոկոս»,– «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար.տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամրջի ընթացքում հայտնեց նա։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Մինչ այդ նախատեսվում էր, որ  Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն ու «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» համաձայնագիրը։

Ըստ Վինոկուրովի` դրական դինամիկա կլինի նաև հայ աշխատանքային միգրանտների և նրանց կողմից Հայրենիք ուղարկվող փոխանցումների հարցում, քանի որ նրանց համար չեղյալ կհայտարարվեն քվոտաները և լիցենզաները, և Ռուսաստանում նրանց վրա կտարածվի ազգային սոցիալական ռեժիմը։

«Անցյալ տարի 1,7 մլրդ դոլար ոչ առևտրային դրամական փոխանցումներից 1,4 մլրդ դոլարը Հայաստան է ստացվել Ռուսաստանից։ Դա կազմում է բոլոր փոխանցումների 85 տոկոսը։ Եթե համեմատենք 10 մլրդ ՀՆԱ–ի հետ, ապա դա կազմում է ՀՆԱ–ի շուրջ 15 տոկոսը»,– ավելացրեց նա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին իր հերթին նշեց, որ բացի աշխատանքային միգրանտների կողմից բանկերի միջոցով Հայաստան ուղարկած դրամական փոխանցումներից, «գրեթե նույնքան կամ նույնիսկ ավելի տեղափոխվել է գրպաններով»։ «Դա ավելին է, քան Հայաստանի ամբողջ արտահանումը»,– ընդգծեց նա։

Միաժամանակ փորձագետն ասաց, որ ՌԴ–ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 20 տոկոսով ավելացել է անցյալ տարի։ Միաժամանակ Հայաստանի ավելի քան 45 տոկոս ուղիղ ներդրումները կազմում են ռուսական ներդրումները, բացի այդ, առկա են նաև հայկական բանկային ոլորտում ղազախստանյան ներդրումները և առևտրի ոլորտում` բելառուսականը։  

Համախառն ներքին արտադրանքը 2012թ.–ին շուկայական գներով կազմել է 3997,6 մլրդ դրամ, որի արդյունքում Հայաստանի տնտեսական աճը տարվա արդյունքներով կազմել է 7,2 տոկոս։ –0–