Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը պետք է զարգացնի ներքին ներուժը ռուսական շուկայում ակտիվանալու համար. փորձագետ

03.09.2014, 15:09
Հայաստանը պետք է զարգացնի ներքին ներուժը ռուսական շուկայում ակտիվանալու համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։
Հայաստանը պետք է զարգացնի ներքին ներուժը ռուսական շուկայում ակտիվանալու համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է զարգացնի ներքին ներուժը ռուսական շուկայում ակտիվանալու համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։

Նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 7–ին արգելել է մեկ տարվա ընթացքում Ռուսաստան ներկրել գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենի առանձին տեսակներ այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Կառավարությանը նա հանձնարարել է կազմել այդ սահմանափակումների տակ ընկնող արտադրանքի հստակ ցուցակը։ Ներկրման համար սահմանափակվող ապրանքների ցուցակում են, մասնավորապես, տավարի, խոզի, թռչնի միսը, մրգերը, պանիրը և կաթնամթերքը։

«Դա հնարավորություն է Հայաստանի համար ժամանակային որոշակի հատվածում, քանի որ խոշոր շուկայից դուրս են գալիս խոշոր մատակարարները։ Սակայն միայն հնարավորությունները քիչ են, քանի որ դրա օգտագործման համար անհրաժեշտ է զարգացնել ներքին ներուժը, կարողանալ ծավալուն արտադրությունների միջոցով նվաճել որոշ հատվածներ»,– ասաց Հերգնյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա` տվյալ դեպքում հատուկ կարևորություն է ձեռք բերում ընկերությունների ակտիվ քաղաքականությունը և խթանող տնտեսական քաղաքականությունը։

Փորձագետը միաժամանակ դժվարացավ պատասխանել, թե որքանով Հայաստանը կկարողանա օգտվել ստեղծված իրավիճակից` ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է կոնկրետ ջանքեր գործադրել։

«Ամենաարդյունավետ ձևը պետական և մասնավոր հատվածների համագործակցությունն է, քանի որ լուրջ արդյունքների դժվար կլինի հասնել միակողմանի կարգով, բայց հիմնական շեշտը, այնուամենայնիվ, այն ընկերությունների վրա է, որոնք պետք է ավելացնեն արտադրությունը, իսկ պետությունը միայն օժանդակություն կցուցաբերի, և տվյալ հարցում անհրաժեշտ են առավելագույնը հավասարակշռված քայլեր»,– ասաց Հերգնյանը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է 596 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.5 տոկոսով։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը հունվար–հունիսին կազմել է մոտ 133.9 մլն դոլար` նվազելով 6.4 տոկոսով, իսկ ՌԴ–ից Հայաստան ներկրումը կազմել է 462 մլն դոլար` ավելանալով 1.4 տոկոսով։ -0-