Նոր ցանցի կառուցման համար կպահանջվի 10 մլրդ դոլար․ ՀԷՑ գլխավոր տնօրենը՝ հոսանքազրկումների հետ կապված անմխիթար վիճակի մասին

Նոր ցանցի կառուցման համար կպահանջվի 10 մլրդ դոլար․ ՀԷՑ գլխավոր տնօրենը՝ հոսանքազրկումների հետ կապված անմխիթար վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ /․ Հայաստանում հոսանքազրկոււմների վիճակը վատ է, նոր ցանց կառուցելու համար անհրաժեշտ է նվազագույնը 10 միլիարդ դոլար, հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

«Հոսանքազրկումների վիճակը բարվոք չէ, վատ է, հատկապես հանրապետության այն տարածքներում, որտեղ 2000-ականների համեմատ էլեկտրաէներգիայի սպառումն աճել է անգամներով, դա Երևան և հարակից տարածքն է՝ 2, 3, հատվածներ կան՝ 5 անգամ»,-ասել է նա Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, երբ ոչ պլանաչափ ձևով ունենում ենք գերբնակեցում, ծանրաբեռնվածությունն ազդում է ինչպես էլեկտրամատակարարման, այնպես էլ կոմունալ բոլոր ծառայությունների վրա։

Հարությունյանը նշեց, որ ընկերությունն այժմ ներդրումների հիմքում դրել է թիրախային բաշխիչ ցանցերի վերակառուցում, ինչի արդյունքում վերակառուցելու են Երևանի կենտրոնը՝ առաջնահերթ, այնուհետ՝ Արաբկիրը։

«Հայաստանի ամբողջ տարածքում ներդրումների լիովին նոր ցանց կառուցելու համար, մեր հաշվարկներով, անհրաժեշտ է նվազագույնը 10 միլիարդ դոլար ներդրում։ Պատկերացնելու համար, թե ինչպիսի ազդեցություն կունենա դա մեր գործող սակագների վրա, համաձայն գործող քաղաքականության՝ 1 ԿվԺ էլեկտրաէներգիայի արժեքը, եթե միանգամից ներդրվի 10 միլիարդ դոլար, կաճի, նվազագույնը, 140 դրամով։ Պատրա՞ստ ենք դրան»,- ընդգծել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ բոլոր ներդրումային ծրագրերն իրականացվել են այն սկզբունքով, որ էական ազդեցություն չունենա սակագնի վրա։

«Մեր մոտ, ինչպես 2015 թվականին, այնպես էլ այսօր, 1 ԿվԺ էլեկտրաէներգիայի սակագնային մարժան կազմում է շուրջ 12 դրամ, փոփոխություն 1 Կվժ էլեկտրաէներգիայի արժեքից չենք ունեցել»,-ավելացրել է նա։

Հարցին, թե Երևանի էլեկտրամատակարարման բավարարման համար ինչ է արվում, Հարությունյանը նշել է, որ այժմ ընթացքի մեջ է գտնվում Երևանի Փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցման ծրագիրը։

«Առաջիկա ամիսների ընթացքում արդեն մենք կունենանք հիմնականում 11 բաշխիչ կետերի միջև ունեցած երկրորդ կապերի ստեղծում և բաշխիչ կայաններում երկրորդ ենթակայանների տեղադրում։ Ընդհանուր առմամբ՝ դրանք ամբողջությամբ կվերակառուցվեն, դրան գումարած՝ միայն Փոքր Կենտրոնում թվով 54 ենթակայանների ամբողջական վերակառուցում կունենանք, ուղղակի կկառուցվեն նորերը դրանց փոխարեն՝ ստանդարտ, տիպային նախագծերով, երկտրանսֆորմատորային և երկսնուցմամբ», – ասել է ՀԷՑ–ի գլխավոր տնօրենը։

Նա ավելացրել է, որ թվով 23 ենթակայաններ, որոնք գտնվում են Երևանի Կենտրոնի շենքերի առաջին կամ նկուղային հարկերում, բոլորը բակեր են դուրս բերվելու, լուծվելու են նաև բնապահպանական, աղմուկի, անվտանգության հետ կապված խնդիրներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության խմբի մաս է կազմում, որը պատկանում է խոշոր ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը Հայաստանում շահագործում է միջին և ցածր լարման բաշխիչ ցանցեր՝ սպասարկելով 1 մլն բաժանորդի։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:52 04.10.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×