Պարտատոմսերի շուկան դիտարկվում է որպես զարգացման հենարան, բայց ոչ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման վերջնական նպատակ․ Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ Պարտատոմսերի շուկան դիտարկվում է որպես զարգացման հենարան, բայց ոչ վերջնական նպատակ։ Այն պետք է նպաստի ամբողջ կապիտալի շուկայի ավելի հավասարակշռված և բազմասեգմենտ կառուցվածքի ձևավորմանը, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Հասմիկ Զաքարյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, վերջին տարիների տվյալները ցույց են տալիս, որ կապիտալի շուկան Հայաստանում զարգացել է հատկապես կորպորատիվ պարտատոմսերի հատվածում՝ աճել են ինչպես թողարկումների քանակը, այնպես էլ շուկայի արժեքը և երկրորդային առևտրի ակտիվությունը։
Սա, ինչպես նշել է Զաքարյանը, ձևավորել է որոշակի հիմք հետագա զարգացման համար։
«Այս պահին ընթանում են քննարկումներ և վերլուծություններ՝ հասկանալու համար, թե առաջիկա տարիներին ինչ կառուցվածք պետք է ունենա շուկայի զարգացման մոդելը։ Քննարկվում են ինչպես պարտատոմսերի, այնպես էլ բաժնետոմսերի շուկայի զարգացման հնարավոր ուղղությունները, ոչ բանկ թողարկողների ներգրավման խթանումը, ինչպես նաև երկրորդային շուկայի լիկվիդայնության բարձրացումը», – ասել է նա՝ պարզաբանելով, որ վերջնական առաջնահերթությունները կձևավորվեն ընթացիկ դիագնոստիկայի և միջգերատեսչական քննարկումների արդյունքներով։
Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը նաև նշել է, որ այս փուլում քննարկումները կենտրոնացած են այն հարցի շուրջ, թե ինչպես ապահովել, որ պարտատոմսերի շուկան չմնա միայն առանձին աճող հատված, այլ դառնա կապիտալի շուկայի ընդհանուր խորացման շարժիչ ուժ։
«Դրա համար կարևոր են ոչ միայն թողարկումների ծավալները, այլ նաև ոչ բանկ թողարկողների մասնաբաժնի աճը, ներդրողների բազայի ընդլայնումը և երկրորդային շուկայի լիկվիդայնությունը», – ավելացրել է Զաքարյանը։
Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը, որպես կապիտալի շուկայի զարգացման քաղաքականության առանցքային իրականացնողների մեկը, պետք է օգնի որոշել դրա զարգացման մոդելը և ռիսկերի բաշխման նկատմամբ մոտեցումը:
Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։