Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Փաշինյան. ԵԱՏՄ ինտեգրման զարգացումը պետք է համադրի վերազգային մեխանիզմները և ինքնիշխան որոշումները

Երեկ, 12:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Փաշինյան. ԵԱՏՄ ինտեգրման զարգացումը պետք է համադրի վերազգային մեխանիզմները և ինքնիշխան որոշումները

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը:

Իր ելույթում Փաշինյանը ամփոփել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը, որի շրջանակում կուտակվել է համագործակցության զգալի գործնական փորձ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Այս համատեքստում, մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա»,-հայտարարել է Փաշինյանը։ Նրա խոսքով, այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։

Ինչպես նշել է վարչապետը, այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։

«Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում»,-ասել է նա։

Վարչապետը ողջունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը և ընդգծել, որ   Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։

Նրա խոսքով, ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։

«Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում»,-ընդգծել է նա։

Նա համոզված է, որ ԵԱՏՄ Հանձնաժողովն՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը՝ փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով։

Փաշինյանն ընդգծել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա։

«Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը»,-ասել է նա։

Խոսելով ծառայությունների ոլորտի աճող կարևորության մասին ԵԱՏՄ երկրների տնտեսություններում՝ Փաշինյանը նշեց, որ այս ոլորտը կազմում է ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։

«Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար»,-նշել է նա։

Նա կարծում է, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։

Փաշինյանը կարևորել է նաև թվայնացումը:

Նրա խոսքով, կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի համար։

«Այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ: Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, և արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ՝ ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար»,-ընդգծել է նա։

այս համատեքստում, այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկն ապրանքների տեղաշարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումն էր։

Փաշինյանի խոսքով, այս տարի դրոշմավորման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։

«Այս միջոցառումներն ուղղած են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։ Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն և ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, և այսօր ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը»,-ասել է վարչապետը։

Ամփոփելով վերը նշվածը՝ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության՝ ի նպաստ տարածաշրջանում տնտեսական կայունության և կայուն զարգացման։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հաստատվել է Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: