Рейтинг@Mail.ru
USD
390.9
EUR
444.61
RUB
4.7857
GEL
142.3
2025 թ. ապրիլի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Փաշինյան․ Երևանն առաջարկել է Բաքվին վերսկսել երկաթուղային բեռնափոխադրումը

05.03.2025, 11:15
Մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ, ասել է Փաշինյանը
Փաշինյան․ Երևանն առաջարկել է Բաքվին վերսկսել երկաթուղային բեռնափոխադրումը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում առաջարկել է Ադրբեջանին առաջին փուլում վերսկսել երկաթուղային բեռնափոխադրումը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին», – ասել է նա Իրանի պետական հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում։

Փաշինյանի խոսքով, բացի դա, շատ կարևոր է, որ այդ առաջարկը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումներն իրականանան, չլինեն խոչընդոտներ։ 

« Իհարկե, ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության, մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է նաև որոշակի պարզեցումների գնալ՝ իհարկե, փոխադարձության սկզբունքով:

«Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։  Մենք այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Եվ միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին: Բայց սա միևնույն ժամանակ, նորից ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև։», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի որոշ երկրների այն տեսակետի հետ կապված, թե երրորդ երկրներն այս խաչմերուկի ճանապարհները հսկեն կամ ՄԱԿ-ի կողմից լինի՝ Փաշինյանը հայտարարել է, որ երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։

«Այսինքն՝ մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն: Ավելին ասեմ, տեսեք՝ շատ է խոսվում դրա մասին և որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ կամ տրանսպորտային երթուղիների տրամաբանությամբ, կամ որևէ այլ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն», – ընդգծել է Փաշինյանը։