Փաշինյան. «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/․ «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։
Այս մասին հայտարարել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն կատարած այցի ժամանակ։
«Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր և փոխկախվածություններ՝ դառնալով խաղաղության ևս մեկ կարևոր գործոն», - ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ է վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին», - ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, և արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն:
Հանդիպմանը մասնակցել են մի խումբ քաղաքագետներ, փորձագետներ, դիվանագետներ, ուսանողներ:
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։ Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։