Փաշինյանը ռազմավարական նպատակ է համարել ՀԷՑ–ի անցումը պետությանը
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի անցումը պետությանն անվանել է ընկերության հարցում իշխանությունների կողմից ռազմավարական մոտեցում։
«Մենք քննարկել ենք և երկու հնարավոր տարբերակ կա, ինչի մասին ես հրապարակային ասել եմ: Տարբերակ առաջին, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որ կառավարի: Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունքով, ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե, կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, որովհետև, այնուամենայնիվ, մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարումը փաստացի պետական բյուջեի ծախս է: Եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք», – ասել է Փաշինյանը երեքշաբթի ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետի կարծիքով, ռազմավարական առումով այս հարցը կլուծվի նաև ներկայացրած տեղեկատվությունը վերլուծելու ճանապարհով և, իհարկե, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ խորհրդակցելով:
«Սպառողների իրավունքների հետ կապված նախորդող շրջանի ՀԷՑ-ի բացթողումների վրա առանձնահատուկ ուշադրություն կդարձնեք, որ մարդիկ նաև զգան գործունեության և այս փոփոխությունների դրական ազդեցությունն իրենց վրա», – ասել է Փաշինյանը։