Փաշինյանն անդրադարձել է տնտեսությանը և տնտեսվարողներին աջակցելու ծրագրերին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Կառավարությունը պատրաստվում է լայն աջակցություն ցուցաբերել տնտեսությանը և տնտեսվարողներին: Այս մասին իր Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար»,- նշել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ տնտեսական ճգնաժամային պայմանններում բանկային համակարգը կարող է այդքան էլ հակված չլինել վարկային միջոցներ տրամադրել, որովհետև դրանք կհամարվեն ռիսկային: Այս խնդիրը լուծելու համար, վարչապետի խոսքով, կառավարությունն ինքը տարբեր նախագծերում 30-60% մասնակցություն կունենա ֆինանսավորմանը և բոլոր դեպքերում կսուբսիդավորի վարկերը, որպեսզի փողը տնտեսվարողների համար լինի ձրի, որպեսզի հավելյալ վճարումներ անելու անհրաժեշտություն չլինի:
Վարչապետը նշել է, որ ծրագրեր կան գյուղատնտեսությունը լրջորեն խթանելու:
«Սրա համար մենք պատրաստվում ենք զրոյացնել վարկային միջոցների հասանելիությունը, տոկոսները զրոյացնել: Խոսքը վերաբերում է այն զարգացման ծրագրերին, որ ունենք գյուղատնտեսության ոլորտում. կաթիլային ոռոգում, ջերմոցային տնտեսություններ, այգիների տնկում, խելացի անասնագոմեր»,- նշել է վարչապետը:
«Բանկերը կարող են այնքան էլ հակված չլինել այս ծրագրերի շրջանակում լայնորեն վարկավորել գյուղացիներին։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը պետք է որոշակի մասնակցություն ունենա։ Անհատներին, ովքեր կզբաղվեն մեր առաջարկած գյուղացիական ռազմավարական ծրագրերով, կառավարությունը նախ կզրոյացնի տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն անհատների պարագայում մինչև 30 տոկոս։ Մենք ենթադրում ենք, որ այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն։ Իսկ ի՞նչ պետք է անեն այն գյուղացիները և ֆերմերները, որոնց վարկային պատմությունն այնքան էլ լավը չէ։ Բոլոր այն դեպքերում, երբ հնարավորություն չկա անհատապես ստանալու այսպիսի վարկային միջոցներ, մենք առաջարկում ենք, որ մեր հայրենակիցները համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60, հնարավոր է՝ նույնսիկ 70 տոկոսով»,- ասել է նա։-0-