Փաշինյանը Ստրասբուրգի հայերին պատմել է հետհեղափոխական տնտեսական հաջողությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պատմել է հետհեղափոխական 10 ամիսներին գրանցված հաջողությունների մասին։
«Աշխարհի բոլոր երկրներում հեղափոխություններից հետո տնտեսական հետընթաց է նկատվում։ Սակայն Հայաստանում հեղափոխությունից հետո տնտեսական աճ է գրանցվել։ Այս տասն ամիսների ընթացքում բացվել են 51 հազար աշխատատեղեր, ինչը կազմում է ամբողջ աշխատաշուկայի շուրջ 10 տոկոսը»,– ասաց նա։
Վարչապետը նաև ընդգծել է, որ դժվար է ասել, թե նոր աշխատատեղերի որ բաժնեմասն է ստեղծվել զրոյից, իսկ որը` ձևավորվել ստվերից դուրս գալու արդյունքում։
«Բայց եթե նույնիսկ նրանք բոլորը դուրս են եկել «ստվերից», ապա սա արդեն աննախադեպ է։ Մենք 20, 25 կամ 30 տարի ասել ենք «ստվերային տնտեսության» դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Եվ արդեն 2019 թվականի առաջին եռամսյակի նախնական արդյունքներով, բյուջեի եկամուտը գերակատարվել է 11 մլրդ դրամով, և, հնարավոր է, մինչև տարեվերջ այն կգերակատարվի արդեն 40 մլրդ դրամով»,– ասաց նա։
Կառավարության ղեկավարի խոսքով, բյուջեի մուտքերի աճը թույլ կտա հուլիսի 1–ից
10 տոկոսով բարձրացնել զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձերը։
«Արդեն հունվարի 1–ից բարձրացել է բժշկական հաստատությունների շուրջ 15 հազար աշխատողների աշխատավարձերը։ Մոտ 200 հազար աշխատողների աշխատավարձերը բարձրացել են կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շնորհիվ»,– ասաց նա։
Ինչպես նշեց Փաշինյանը, աշխատավարձերի և կենսաթոժակների բարձրացումը վկայում է Հայաստանում տնտեսական էական հաջողությունների մասին։ -0-