Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է գործարարների հետ. քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

21.01.2019, 17:33
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է գործարարների հետ. քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպումից հետ քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Մայք Բարոնյանը նշել է, որ ներկայում երևանյան ընկերությունը զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում: Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր: 

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

«Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը մեր երկրում և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ»,– նշվում է հաղորդման մեջ։

Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաև «Հին Երևան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը: -0-