Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է տարին ավարտել ՀՆԱ զրոյական կամ որոշակի դրական ցուցանիշով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանը տարին կավարտի ՀՆԱ-ի զրոյական կամ որոշակի դրական ցուցանիշով:
«2020թ.-ի ՀՆԱ-ի պաշտոնական կանխատեսումն այն է, որ 2 տոկոսի տնտեսական անկում կունենանք, բայց ես հույս ունեմ, որ տարին կավարտենք զրոյական և դրական ցուցանիշով»,- նշել է Փաշինյանը շաբաթ օրն առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «ԱՌԿԱ» տնտեսական տեղեկատվության գործակալության հարցին:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ մեծ կորուստներ է կրելու զբոսաշրջության ոլորտը:
«Բայց մյուս կողմից էլ մենք ոչ միայն տուրիստներ ընդունող երկիր ենք, մենք նաև տուրիստներ ճանապարհող երկիր ենք: Հայաստանից տարեկան 1,4 մլն. տուրիստ է գնում, ովքեր միլիոնավոր գումարներ են ծախսում»,- նշել է նա:
Այս կապակցությամբ վարչապետը նշել է, որ եթե մեր զբոսաշրջային ընկերությունները ճիշտ քաղաքականություն վարեն, ապա 2020 թ.-ը կարելի է հայտարարել ներքին զբոսաշրջության տարի:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օրերս Փաշինյանին հայտնել է, որ Ստեփանավանի տարածաշրջանի առողջարանների սենյակները պատվիրված են 100 տոկոսով:
«Միայն այս օրինակը ցույց է տալիս, որ կարող է նույնը տեղի ունենալ ամբողջ hանրապետությունում։ Պետք է ուղղակի ստեղծենք պայմաններ, որ աշխատենք»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ հենց այդ պատճառով ավելի քան 100 կապիտալ ծրագրեր են իրականացվելու՝ այն ՀՀ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար, ովքեր վերադարձել են Հայաստան և չեն մեկնել արտեկիր գումար վաստակելու համար:
Վարչապետն ընդգծել է, որ արտաքին միջավայրը որոշակի անկանխատեսելիություն է ունենալու, «բայց մնացած հատվածով մենք կարող ենք հույս ունենալ»: -0-