Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Պետդուման Հայաստանի համար գազի գների սուբսիդավորման օրենք կընդունի. Մովսիսյան

11.09.2013, 19:34
ՌԴ Պետդուման կքննարկի Հայաստան մատակարարվող բնական գազի գնի սուբսիդավորման հարցը, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում։
Պետդուման Հայաստանի համար գազի գների սուբսիդավորման օրենք կընդունի. Մովսիսյան
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդուման կքննարկի Հայաստան մատակարարվող բնական գազի գնի սուբսիդավորման հարցը, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում։

Ներկայում ռուսական գազի գինը կազմում է 189 դոլար` գումարած մաքսային վճարի 30 տոկոսը, ինչի արդյունքում գինը կազմում է 270 դոլար։

Ըստ նրա, ռուսական կողմի հետ գազի գների սուբսիդավորման բանակցությունները շարունակվել են մինչև Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ընդունելը, և ներկայում սուբսիդավորման խնդիրը կլուծվի այդ գործընթացների շրջանակում։

«Որոշ ընթացակարգեր են պետք, որպեսզի Հայաստանը կարողանա միանալ ՄՄ–ին։ Բայց մինչ այդ, մեր պայմանավորվածության համաձայն, Պետդումայում կընդունվի հատուկ օրենք, որը մեզ գազը 30 տոկոսով էժան ներկրելու հնարավորություն կընձեռի»,– ասաց Մովսիսյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ ռուսական գազի սակագինը Հայաստանի համար չի փոխվի։

«189 դրամանոց սակագինը կմնա անփոփոխ»,– ավելացրեց նա։

Ավելի վաղ Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել էր, որ  Հայաստանի` Մաքսային միությանը միանալու և Միասնական տնտեսական տարածություն մտնելու որոշումը թույլ կտա 30 տոկոսով նվազեցնել գազի գները, երկիր բերել խոշոր ներդրումներ և երկիրը դուրս բերել տրանսպորտային փակուղուց։

2013 թվականի մայիսի 14–ին ՀայՌուսգազարդը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի գների բարձրացման հայտ էր ներկայացրել։ Հուլիսի 7–ից կարգավորիչը հաստատել է սպառողների համար սահմանված նոր սակագները, իսկ կառավարությունը հայտնել է նոր գնի 30–տոկոսի սուբսիդավորման մասին։ Ավելի ուշ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ կառավարությունը փորձում է սուբսիդավորման գործընթացում ներգրավել ռուսական կողմին, քանի որ նրան է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերության 80 տոկոսը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, դրա բաժնետերերն են` «Գազպրոմ» ԲԲԸ–ն և Հայաստանի կառավարությունը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։-0-