Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ–ի նկատմամբ կանխատեսվածից ցածր է և կազմել է 2%. փոխնախարար

25.05.2015, 18:53
ՀՆԱ–ի նկատմամբ Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կանխատեսածից ցածր է և կազմել է 2 տոկոս` կանխատեսված 2,34 տոկոսի փոխարեն, երկուշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2014 թվականին երկրի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցը։
Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ–ի նկատմամբ կանխատեսվածից ցածր է և կազմել է 2%. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՆԱ–ի նկատմամբ Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կանխատեսածից ցածր է և կազմել է 2 տոկոս` կանխատեսված 2,34 տոկոսի փոխարեն, երկուշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2014 թվականին երկրի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցը։

Ըստ նրա` 2014 թվականին պետբյուջեի պակասուրդը կազմել է 90,3 մլրդ դրամ` նախատեսած 105,7 մլրդ դրամ ցուցանիշի փոխարեն։

«Պակասուրդի կրճատումը հիմնականում պայմանավորված է արտաքին աղբյուրների օժանդակությամբ նախատեսված վարկային ծրագրերից ստացված մուտքերի նվազմամբ»,– ասաց Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ 2014 թվականին ներքին աղբյուրների հաշվին պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 70 մլրդ դրամ` նախատեսված 63,8 մլրդ դրամի փոխարեն։

Նրա խոսքով` 2014 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ ներքին պետպարտքի անվանական ցուցանիշը կազմել է 311,7 մլրդ դրամ։

Ինչպես նշեց փոխնախարարը, 2014 թվականին պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն արտաքին աղբյուրների հաշվին կազմել է 20,3 մլրդ դրամ, ինչը կազմում է ծրագրված ցուցանիշի 48,6 տոկոսը։

«Արտաքին պարտքի մարմանն ուղղվել է մոտ 38 մլրդ դրամ, ինչը կազմում է նախատեսած տարեկան ծրագրի 99,8 տոկոսը»,– ասաց Ջանջուղազյանը։

Ըստ նրա` արտաքին ֆինանսական ակտիվների գծով պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 113,4 տոկոսով կամ 48,4 մլրդ դրամով։

Մասնավորապես նա նշեց, որ ամբողջովին ԼՂՀ–ին է տրամադրվել 42,8 մլրդ դրամի միջպետական վարկ։

Նրա խոսքով` Վրաստանը Հայաստանի առջև ունեցած իր պետպարտքը մարել է 388,9 մլն դրամի նախատեսված ծավալով։

Փոխնախարարը հայտնեց նաև, որ միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության գծով վճարումները 2014 թվականի արդյունքներով կազմել են 881,5 մլն դրամ կամ նախատեսված ցուցանիշի 99,5 տոկոսը։  ($1 - 478,32 դրամ)։  --0--