Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Քաղաքացուն պետք է ՀԴՄ կտրոնի չթողարկումը տեսանկարահանելու հնարավորություն ընձեռել. ՀՀ վարչապետ

09.01.2020, 17:51
Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա տեսանկարահանել ՀԴՄ կտրոն չթողարկելը. Փաշինյան
Քաղաքացուն պետք է ՀԴՄ կտրոնի չթողարկումը տեսանկարահանելու հնարավորություն ընձեռել. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնել է ՊԵԿ նախագահին իր առաջարկած գաղափարի մասին Հայաստանում ՀԴՄ-ների չթողարկման վերաբերյալ:   

«Մեր հանրապետությունում շարունակում են շատ լայնորեն տարածված ձևով ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այս մասին մենք խոսել ենք, որ պետք է շատ խիստ վերաբերվենք այս դեպքերին, բայց ես երեկ ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար ենք քննարկել»,- նշել է վարչապետը:

 Փաշինյանը հայտնել է, որ նոր գաղափարի էությունը կայանում է նրանում, որ ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինը պետք է վարչական վարույթ իրականացնի: 

«Սա ճիշտ ճանապարհ է: Ուղղակի իրավաբանները պետք է այդտեղ եզրակացություն տան, թե ինքանով է հակասում այս գաղափարը մեր կարգավորումներին, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև խոսքը ազգային հարստության մասին է»,- նշել է վարչապետը:

Թեման շարունակելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է, որ կա վավերականության խնդիր` ՀԴՄ տալու կամ չտալու փաստի հետ կապված: 

«Մոտ 2 տարի առաջ առաջարկվել է հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել, որպեսզի տեսաձայնագրվի գնման փաստը, բայց բացասական եզրակացություններ են եղել ֆինանսների նախարարության կողմից: Մենք ունեինք գաղափար նույնն անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումը արդյոք որեւէ խախտում կենթադրի, թե ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն է ենթադրում»,- նշել է Բադասյանը: 

Ինչ վերաբերում է քաղաքացիների տեսագրություններին, ապա նախարարը հայտնել է, որ կարող են խնդիրներ առաջանալ:

 «Ես առաջադրում եմ քաղաքական խնդիրը, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել և վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ և տուգանել»,- արձագանքել է վարչապետը:

Փաշինյանը շարունակելով նշել է, որ քաղաքացին պետք է ունենա լծակ իր տեսած իրավախախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ անելու, ընդ որում այնպիսի գործողություններ, որոնք իրեն մինիմում դիսկոմֆորտ կպատճառի:

«Այսօր մենք մի կողմից անում ենք քաղաքական հայտարարություններ, մյուս կողմից էլ լծակ չենք տալիս մարդկանց: Մենք պետք է այս խնդիրները լուծենք, այնպես որ գնացեք այդ խնիդրները լուծեք»,- նշել է նա:

«Հայաստանում բոլոր գնումները պետք է լինեն հսկողության տակ: Ինձ հետաքրքրում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ տեսնի, որ իր երկրի բյուջեից գողանում են, կարողանա գործողություն անել»,- հայտնել է վարչապետը: -0-