Քննարկվել է պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի և տարաների վաճառքի արգելքի վերաբերյալ օրենսդրական փաթեթը
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Քննարկվել է պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի պահպանման և վաճառքի արգելքի վերաբերյալ համապատասխան օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Առևտրի եւ ծառայությունների մասին» ու «Շուկայի վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի համապատասխան փոփոխություններն ու լրացումները առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով, 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում առաջարկվում է արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի՝ ափսեների, բաժակների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը:
Բացառություն են կազմում կշռափաթեթավորման համար օգտագործվող եւ երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերը։
Առաջին անգամ խախտում կատարելու դեպքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կհայտարարի նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդ խախտումների դեպքում սահմանվում է տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով։
Իրավախախտումների վերահսկողությունը վերապահվել է ինչպես Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համատեղ:
«Մեկանգամյա պլաստիկի օգտագործման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական եւ տնտեսական կարեւոր քայլ է, որով COP 17-ի նախաշեմին Հայաստանը կներկայանա պատասխանատու եւ կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն»,- նշել է Արա Մկրտչյանը: