Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ ԱԺ–ի ոչ իշխանական խմբակցությունները դեմ կքվեարկեն 2015թ.–ի պետբյուջեի նախագծին

13.11.2014, 16:33
Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների` «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», Դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հինգշաբթի բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեցին, որ դեմ են քվեարկելու 2015 թվականի պետական բյուջեի նախագծին։
ՀՀ ԱԺ–ի ոչ իշխանական խմբակցությունները դեմ կքվեարկեն 2015թ.–ի պետբյուջեի նախագծին
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների` «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», Դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հինգշաբթի բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեցին, որ դեմ են քվեարկելու 2015 թվականի պետական բյուջեի նախագծին։

Ինչպես հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իր գործունեության ութ ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը ոչինչ չի արել նախորդ կառավարության «կործանիչ տնտեսական քաղաքականության» հետևանքները հաղթահարելու համար` այդպիսով ավելի խորացնելով հասարակության հոռետեսական տրամադրությունները։

«Կառավարությունը պետք է ճիշտ գործիքներ ընտրեր` ընդուներ այնպիսի օրենքներ, որպեսզի երկրի իրավիճակի վերահսկողությունը գործուն լիներ»,– ավելացրեց նա։

Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ պետբյուջեի նախագծում չկա մի խոսք, թե որ ուղղությամբ կզարգանա Հայաստանի տնտեսությունը։

«Դուք (կառավարության անդամները) ներկայացրել եք միայն թվեր և ցուցանիշներ, թեև պետք է ներկայացնեիք սոցիալական քաղաքականությունը»,– ասաց նա` ավելացնելով, որ հայկական տնտեսությունը ռեցեսիայի վիճակում է, և ավելի լավ է անկեղծ ասել այդ մասին հիմա, որ հետագայում համապատասխան քայլեր ձեռնարկվեն։

«Բարգավաճ Հայաստան» և ՀԱԿ խմբակցությունները հայտնեցին, որ դեմ են քվեարկելու պետբյուջեի նախագծին, քանի որ տվյալ փաստաթուղթը տնտեսության զարգացում չի նախատեսում։

Քվեարկության մասով իր դիրքորոշումն առայժմ չի հայտնել միայն մեկ ոչ իշխանական խմբակցություն` «Օրինաց երկիրը»։

Խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը դիմեց ընդդիմությանը և ասաց, որ չի կարելի պարզապես բողոքել բյուջեի թերություններից, պետք է սեփական տարբերակներ առաջարկել։

«Վստահ եղեք, որ ականջալուր ենք ձեր բոլոր առաջարկություններին։ Բայց հարցն այն է, որ ձեր ելույթներում առաջարկությունները շատ քիչ էին։ Խնդրում եմ ձեզ, իրատես եղեք։ Այդ պատճառով էլ կոչ եմ անում ձեզ ընդունել իրատեսական բյուջե»,– ասաց նա։

Ազգային ժողովն ավարտեց հաջորդ տարվա բյուջեի քննարկումները։ Ինչպես հայտնեց խորհրդարանի խոսնակ Գալուստ սահակյանը, քվեարկությունը կկայանա չորս օրից։ Քվեարկության ավարտից հետո 24 ժամվա ընթացքում պատգամավորները դեռ կարող են 2015 թվականի պետբյուջեի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։

Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, 2015 թվականի Հայաստանի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 22 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրլն 337 մլրդ դրամ։ 2015 թվականի պետբյուջեի պակասուրդը ծրագրված է 116.6 մլրդ դրամի չափով։

Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերը 2015 թվականին կկազմեն մոտ 385.6 մլրդ դրամ, ինչը շուրջ 23.5 մլրդ դրամով ավելի կլինի 2014 թվականի նույն ցուցանիշից։

Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ իրական աճը ծրագրված է 4.1 տոկոսի մակարդակում, ՀՆԱ անվանական ծավալը կկազմի 4867.5 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` 3.3 տոկոս։ (1 դոլարը` 414,33 դրամ)։--0—