ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում. Օվերչուկ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այս հարցը քննարկում ենք հետևյալ հարթության վրա։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իր համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին», - հավելել է Օվերչուկը։
Օվերչուկի խոսքով՝ սա «ամբողջությամբ և միանգամայն համապատասխանում է» Ռուսաստանի Դաշնության շահերին։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։