Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումների ընդլայնումը կարող է ազդել Հայաստանի արտահանման վրա՝ ՀՆԱ-ի շուրջ 2%-ի չափով. S&P

Այսօր, 10:15
Գործակալության վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի արտահանումը խիստ կենտրոնացված է
Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումների ընդլայնումը կարող է ազդել Հայաստանի արտահանման վրա՝ ՀՆԱ-ի շուրջ 2%-ի չափով. S&P

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումների ընդլայնումը հանքային ջրերից և ալկոհոլից մինչև ծաղիկներ, ձկնամթերք և թարմ բանջարեղենի ու մրգերի լայն տեսականի, կարող է ազդել Հայաստանի արտահանման վրա՝ ՀՆԱ-ի շուրջ 2%-ի չափով: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում:

Ռուսաստանի կողմից սահմանափակումների խստացումը

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի արտահանումը խիստ կենտրոնացված է. Ռուսաստանին բաժին է ընկնում սահմանափակումների տակ ընկած տարբեր ապրանքատեսակների մատակարարումների 80%-ից մինչև 98%-ը:

«Քանի որ գյուղատնտեսական մատակարարումները համընկնում են ամառ-աշուն շրջանի բերքահավաքի հետ, մենք ակնկալում ենք այս ազդեցության սրում 2026 թ. երկրորդ կիսամյակում, ինչը ճնշում կգործադրի ագրոարդյունաբերական ոլորտում արտադրության ծավալների, գյուղական բնակիչների եկամուտների և արտահանման հասույթի վրա», - ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ չնայած արտադրողների աջակցությանը և արտահանման շուկաների (ներառյալ ԵՄ) դիվերսիֆիկացման փորձերին, այս միջոցառումները միայն մասնակիորեն կփոխհատուցեն կարճաժամկետ ազդեցությունը:

«Հետագա առևտրային սահմանափակումների ռիսկը մնում է բացասական գործոն մեր բազային սցենարի համար», - ընդգծվում է զեկույցում:

Ազդեցությունը կարող են մեղմել արտահանման դիվերսիֆիկացումը և զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները

«Չնայած Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումներին՝ մենք կանխատեսում ենք ընթացիկ հաշվի պակասուրդի չափավոր նվազում մինչև ՀՆԱ-ի 8.0%-ը 2026 թ. (2025 թ. 8.7%-ից), ինչն արտացոլում է ներքին պահանջարկի թուլացումը և ծառայությունների, հատկապես զբոսաշրջության և ՏՀՏ ոլորտների արտահանման կայունությունը», - ասվում է զեկույցում:

S&P-ը նշում է, որ 2026 թ. առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 15%-ով, ընդ որում հիմնական ուղղություններն են եղել Ռուսաստանը (40%), Վրաստանը (15%) և Իրանը (8%):

«Մենք ակնկալում ենք, որ ավիահաղորդակցության զարգացումը, մրցունակ գները և զբոսաշրջային ոլորտի զարգացումը կաջակցեն բյուջե բարձր մուտքերին զբոսաշրջության ոլորտից: Միջնաժամկետ հեռանկարում մենք կանխատեսում ենք ընթացիկ հաշվի պակասուրդի աստիճանական նվազում մինչև ՀՆԱ-ի շուրջ 6%-ը՝ ներքին պահանջարկի կարգավորման, արտահանման դիվերսիֆիկացման առաջընթացի և զբոսաշրջությունից ստացվող եկամուտների շարունակական աճին զուգահեռ», - ասվում է զեկույցում:

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը:

Օգոստոսի 10-ին ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը հայտարարել էր, որ ռուսական գործողությունների ազդեցությունը կարող է վերաբերել Հայաստանի ՀՆԱ-ի 1-1.5%-ին: