Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայ խոշոր արտահանողների համար շահութահարկը կարող է նվազեցվել 10 անգամ` հասնելով 2%. Ֆինանսների նախարարություն

22.01.2015, 19:22
Հայ խոշոր արտահանողների համար շահութահարկը կնվազեցվի 10–ն անգամ` հասնելով 2 տոկոսի, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը` ներկայացնելով համապատասխան օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունները։
Հայ խոշոր արտահանողների համար շահութահարկը կարող է նվազեցվել 10 անգամ` հասնելով 2%. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ խոշոր արտահանողների համար շահութահարկը կնվազեցվի 10–ն անգամ` հասնելով 2 տոկոսի, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը` ներկայացնելով համապատասխան օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունները։

Նրա խոսքերով` օրինագիծը նպատակաուղղված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որոնց հաշվին երկրում արտադրություն կսկսվի` արտադրության հետագա արտահանման նպատակով։

Միրումյանը նշեց, որ արտոնությունից կկարողանան օգտվել այն ընկերությունները, որոնք կունենան Հայաստանի կառավարության կողմից հաստատված` արտահանման իրականացման ծրագիրը, իսկ արտահանման ամենամյա ծավալը պետք է կազմի նվազագույնը 50 մլրդ դրամ։ Միաժամանակ միջոցներն այդ ժամանակահատվածի ընթացքում պետք է տեսանելի լինեն հայկական ռեզիդենտ–բանկերում բացված ընկերության հաշիվներում։

Արտոնությունները կտարածվեն միայն արտահանված, այլ ոչ թե Հայաստանի տարածքում իրացված արտադրանքի վրա։

«Նմանատիպ դրույքաչափի սահմանումն աննախադեպ հարկային խթան է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների և արտահանման ակտիվացման համար։ Փաստորեն, կառավարությունը հրաժարվում է նախատեսված շահույթից` արտադրողին խթանելու և նոր աշխատատեղերի ձևավորմանն ու տնտեսական աճին աջակցելու համար», – ասաց Միրումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով նախատեսված են հատուկ կարգավորիչ միջոցառումներ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները չկարողանան օգտագործել այն հարկային վճարներն արհեստականորեն կրճատելու համար։

Փոփոխությունները չեն տարածվի Հայաստանի լեռնահանքային ոլորտում գործող ընկերությունների վրա։

«Այսօրվա դրությամբ հայկական ընկերություններից ոչ մեկը չի համապատասխանում ներկայացված պահանջներին։ Սակայն նախնական բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, որոնք հնարավոր է` Հայաստանում ներդրումներ կիրականացնեն` հաշվի առնելով տրամադրված հարկային խթանը», – ասաց Միրումյանը։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ սա կառավարության ոչ ստանդարտ որոշումներից մեկն է, որով կառավարությունը փորձում է խթանել արտահանումը։

«Եթե մենք ունենանք գործընկերներ, որոնք կկարողանան արտահանել տարեկան 50 մլրդ դրամի արտադրանք, ապա դա թույլ կտա ոչ միայն ստեղծել նոր աշխատատեղեր, այլ նաև ապահովել լրացուցիչ մուտքեր երկրի պետբյուջե։ Կարծում եմ, որ սա կարող է լուրջ խթան դառնալ Հայաստանի արտահանման ներուժն ավելացնելու համար», – ասաց Աբրահամյանը։

Օրինագծում նախատեսված փոփոխությունները կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն օպերատիվ ռեժիմով` առաջիկա նիստի ընթացքում։–0–