Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Շարմազանով. սա հիասթափեցնող բյուջե է

22.11.2018, 15:53
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարության անդամներին ավելի լավ հաջողվում է երթեր և ցույցեր կազմակերպել, քան տնտեսությունը զարգացնել, աշխատատեղեր ստեղծել և ներդրումներ ներգրավել, կարծում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանով. սա հիասթափեցնող բյուջե է

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարության անդամներին ավելի լավ հաջողվում է երթեր և ցույցեր կազմակերպել, քան տնտեսությունը զարգացնել, աշխատատեղեր ստեղծել և ներդրումներ ներգրավել, կարծում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ամենայն հավանականությամբ, պարոն վարչապետը նույնպես հասկացել է, որ երկիր ղեկավարելը և տնտեսություն զարգացնելը նրա մոտ վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, և նա որոշել է զբաղվել իր սիրած գործով` երթեր կազմակերպել: Հուսամ` մի օր նա ամբողջովին կզբաղվի երթերի կազմակերպմամբ, և ղեկավարությունը կփոխանցի ավելի պրոֆեսիոնալ մարդկանց»,- հինգշաբթի ասաց Շարմազանովը լրագրողներին:

Մեկնաբանելով խորհրդարանի այսօրվա նիստում ընդունված 2019 թվականի պետբյուջեի նախագիծը, փոխխոսնակը նշեց, որ սա հիասթափեցնող բյուջե է, որովհետև յոթ ամիս առաջ կառավարությունը խոստանում էր թռիչքաձև աճ, աղքատության կրճատում, ներդրումների աճ և աշխատատեղերի թվի աճ:

«Այսօր ինչ մենք ունենք. Փաշինյանին փոխանցեցինք 9.7-տոկոսանոց տնտեսական աճով երկիչ, իսկ բյուջեում դրված է 4.9 տոկոս: Ալավերդիում 630 մարդ զրկվել է աշխատանքից: Վարչապետն ինքն է ասում, որ ավելի քան 10 հազար ուսուցիչներ ավելորդ են»,- ասաց Շարմազանովը:

Փոխխոսնակն անդրադարձավ նաև սննդամթերքի թանկացման հարցին: «Մտեք խանութ և նայեք` կա թանկացում, թե ոչ: Ասում է` «բանանն էժանացել է», իսկ ժողովուրդը, ի ՞նչ է, միայն բանաններով պետք է սնվի՞»,- հարցադրում է անում Շարմազանովը:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2018 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 3 տոկոսով: Հայաստանի տնետսական ակտիվությունն օգոստոսին կտրուկ դանդաղել է գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկման հաշվին (2018 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս` հուլիսի 11.1 տոկոսի դիմաց):  

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 տոկոսով:

ԱՎԿ-ի տվյալներով, 2018 թվականի 10 ամիսներին արտադրվել է մոտ 1 408.7 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք (աճը` 4,5%), ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 2 308,7 մլրդ դրամ (աճը`9,6%), ծառայությունների ոլորտում` 1 426,7 մլրդ դրամ (աճը` 18,5%), շինարարության ոլորտում` 288,7 մլրդ դրամ (աճը` 6,5%): Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա 10 ամիսներին նվազել է 8.1 տոկոսով` մինչև 719.6 մլրդ դրամ:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում տնտեսության աճը 2018 թվականին ամրագրված է 4.5 տոկոսի չափով: -0-