Շեշտը դրվել է ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա․ փոխնախարարը՝ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ներմուծված չորրորդ կարգի ցորենի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու հանրությանը նախապես չի հաղորդվել, որ Ղազախստանկց Ադրբեջանի տարածքով ներմուծված ցորենը չորրորդ կարգի է և հիմնականում անասնակերի համար է նախատեսված։
«Ինչ-որ մեկն ասե՞լ է՝ ինչ կարգ է։ Ասել են ցորեն ա գալիս», - ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ շեշտը դրվել էր ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա։
«Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է։ Հիմա ասյօր անասնակեր է եկել, վաղն էլ բարձրակարգ ցորեն կգա, դա էլ արդեն կյանքը ցույց կտա»,- ասաց փոխնախարարը։
Զաքարյանը հայտնեց նաև, որ Ռուսաստանից եկող ցորենն արդեն նորմալ ցորեն է։
Փոխնախարարն անդրադարձավ նաև հացի գնի հնարավոր նվազմանը և հայտնեց, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան, միայն ճանապարհը չէ, ուստի հացի գինը կախված է դիվերսիֆիկացիայի ազդեցությունից։
Նշենք, որ նոյեմբերի 7–ին ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։
Սա հացահատիկի երկրորդ խմբաքանակն է, որը Հայաստան է ներմուծվում Ադրբեջանի տարածքով այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 21-ին վերացրեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Նոյեմբերի 5-ի երեկոյան Հայաստանի «Այրում» երկաթուղային կայարան է ժամանել ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը,, որն անցել է Ադրբեջանով և Վրաստանով։ Այս երթուղին առաջին անգամ է օգտագործվում 90-ականների սկզբից ի վեր։