Рейтинг@Mail.ru
USD
377.69
EUR
446.88
RUB
4.9281
GEL
141.06
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Շոյգու. ՌԴ-ն ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել Հայաստանի երկաթուղային համակարգում

Այսօր, 12:11
Հայաստանի երկաթուղային համակարգում ռուսական ներդրումների ծավալը գրեթե 20 տարվա ընթացքում գերազանցել է 30 միլիարդ ռուբլին
Շոյգու. ՌԴ-ն ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել Հայաստանի երկաթուղային համակարգում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի երկաթուղային համակարգում ռուսական ներդրումների ծավալը գրեթե 20 տարվա ընթացքում գերազանցել է 30 միլիարդ ռուբլին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումներին վերաբերող:

Նրա խոսքով՝ այդ ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղիների համակարգում, ներառյալ շարժակազմը, գնահատվում են ավելի քան 30 մլրդ ռուբլի:

«Իսկ հիմա [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո վախեցնում է պոտենցիալ գործընկերներին՝ խոչընդոտելով տարածաշրջանային նախագծերին, և մտածում է հայկական երկաթուղային ցանցի վերահսկողությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար բարեկամ երկրի փոխանցելու մասին», - նկատել է Շոյգուն:

Նա հիշեցրել է, որ պայմանագիրը նախատեսում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից՝ որպես կոնցեսիոների, կոնցեսիոն ակտիվների տիրապետումը, օգտագործումը, կառավարումը, շահագործումը, սպասարկումը, վերանորոգումը և անհրաժեշտ բարելավումները։

«Ասեմ, որ ռուսական կողմը պայմանագրի ստորագրման ժամանակ պատասխանատվություն է ստանձնել հայկական երկաթուղային համակարգի ավելի քան 1,2 հազար անշարժ գույքի կոնցեսիոն ակտիվների և ավելի քան 12,5 հազար շարժական գույքի օբյեկտների համար», - տեղեկացրել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Ինչպես նշել է Շոյգուն, վերջին 20 տարիների ընթացքում, շնորհիվ կոնցեսիոն պայմանագրի, Հայաստանի բյուջե է վճարվել ավելի քան 15 միլիարդ ռուբլի հարկերի տեսքով, ինչպես նաև վերանորոգվել է ավելի քան 520 կմ ճանապարհ, այն դեպքում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարման տակ գտնվող ցանցի շահագործվող երկարությունը կազմում է շուրջ 700 կմ։

«Իրականացվել է կոճերի 50%-ի փոխարինում, կատարվել է ավելի քան 50 կառույցների, այդ թվում՝ 38 կամուրջների և 2 թունելների վերանորոգում և վերակառուցում: Եթե վերցնենք վերջին երկու տարվա վիճակագրությունը, ապա պատկերը հետևյալն է. տարեկան միջինը «ՀԿԵ» ՓԲԸ-ն տեղափոխում է ավելի քան 500 հազար ուղևոր (որոնցից մոտ 360 հազարը՝ ներքին հաղորդակցությամբ) և ավելի քան 1,6 միլիոն տոննա բեռ», - հավելել է նա։

ՀՀ վարչապետի հայտարարությունը

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը թույլ էր տվել հնարավորությունը, որ Ռուսաստանը հայկական երկաթուղիների կառավարման իրավունքը (2008 թվականից 30 տարի ժամկետով կոնցեսիոները «ՀԿԵ» ՓԲԸ-ն է՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) վաճառի մեկ այլ երկրի, որը բարեկամական է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, օրինակ՝ Կատարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին:

Փաշինյանը հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակներում մի շարք երկրներ առաջարկում են երկաթուղային հաղորդակցություն հաստատել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ Մեղրիից հետո շրջանցելով Հայաստանը: Որպես պատճառաբանություն նշվում է այն հանգամանքը, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման պատճառով Հայաստանը կորցնում է իր մրցակցային առավելությունը: