Սփյուռքահայերը 2015թ. կարող են Հայաստանում անշարժ գույքի գործարքներ ձևակերպել` գտնվելով իրենց բնակության երկրներում. Պետկադաստր
23.01.2015,
16:50
Սփյուռքահայերը 2015թ. հնարավորություն կստանան Հայաստանում անշարժ գույքի գործարքներ ձևակերպել` գտնվելով իրենց բնակության երկրներում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Սփյուռքահայերը 2015թ. հնարավորություն կստանան Հայաստանում անշարժ գույքի գործարքներ ձևակերպել` գտնվելով իրենց բնակության երկրներում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Նրա խոսքերով` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2015-ին գրասենյակներ կբացի արտերկրում, առավելապես այն երկրներում, որտեղ մեծ հայկական համայնքներ կան։
«Դա արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա Հայաստանում անշարժ գույքի գնում և գործարքների ձևակերպում իրականացնել առանց ավելորդ ծախսերի` դիմելով անմիջականորեն իրենց բնակության երկրում գտնվող կադաստրի պետական կոմիտեի գրասենյակներ», - ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով` նման առաջարկ կա, և գրասենյակների առկայությունը թույլ կտա զգալիորեն թեթևացնել ձևակերպման բոլոր գործընթացները։
Նա ընդգծեց նաև, որ նման համակարգ արդեն գործում է Ղարաբաղի հետ համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, որտեղ գործարկված է էլեկտրոնային գրանցման միասնական համակարգ, որը թույլ է տալիս քաղաքացիներին, առանց փոխադարձ այցերի, գույքի գնման-վաճառքի գործարքներ իրականացնել։
Ըստ կոմիտեի տվյալների` բնակարանների գները Երևանում, նախնական տվյալներով, աճել են 0,8 տոկոսով և կազմել միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի գները, 2014 թ.–ի արդյունքում, աճել են 2,3 տոկոսով և 1 քառակուսի մետրի դիմաց կազմել 427 հազար դրամ, իսկ Նուբարաշեն վարչական շրջանում` 150,9 հազար դրամ` ավելանալով 3,1 տոկոսով։ Տարվա արդյունքում անշարժ գույքի գների աճ է գրանցվել նաև Հայաստանի մարզերում, որտեղ, 2013 թ.–ի համեմատ, գներն աճել են 0,7 տոկոսով և կազմել 86,5 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց։
2014 թ.–ի արդյունքում Հայաստանում արձանագրվել է անշարժ գույքի առուվաճառքի 39 221 գործարք, ինչը 8,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում միայն Երևանում գրանցվել է 15 911 գործարք, ինչը 8,4 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։–0--