Թանկության ֆենոմեն․ ԿԲ նախագահը պարզաբանել է, թե ինչու են Հայաստանում բարձր ապրանքների և ծառայությունների գները
«Կան մի քանի ֆենոմեններ, հատկապես ապրանքների մասով։ Մենք փակ երկիր ենք, տրանսպորտային հաղորդակցությունների տեսակետից ավելի շատ ենք վճարում, քան մեր հարևանները։ Սա բացասական կողմ է», - ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է սնունդը թանկ Հայաստանում, մասնավորապես՝ ռեստորաններում, որտեղ այն պատրաստում են տեղական մթերքից, Գալստյանը նշել է, որ արտաքին միջամտությունը, այպես, թե այնպես, առկա է։
«Եթե նայենք գների զարգացումներին 2022 թվականից հետո, երբ գրանցվեց օտարերկրացիների ներհոսք հայկական շուկա, սպառումը զգալիորեն աճել է։ Եվ մենք նկատել ենք, որ ոչ արտահանվող ծառայությունների գները՝ կոշտ գները, աճել են», - պարզաբանել է նա։
ԿԲ նախագահի խոսքով, հիմնական գործոնը, որը պայմանավորում է ապրանքների գները, աշխարհագրական դիրքի ֆենոմենն է, ինչպես նաև երկրի ոչ մեծ չափը։
Այս առումով նա պարզաբանել է, որ օրինակ, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում ապրանքներ արտադրելիս հնարավոր է հասնել արտադրության այնպիսի մակարդակի, երբ ֆիքսված ծախսերը բաշխվում են ապրանքների ավելի մեծ քանակի վրա, իսկՀայաստանում շուկան սահմանափակ է։
Ահա թե ինչու, ըստ նրա, բոլոր կառավարությունները կենտրոնացած են արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության ձևավորման վրա՝ ստեղծելով մրցունակ ապրանքներ, որոնք կարելի է արտահանել։
Գալստյանը նշել է նաև ևս մեկ ֆենոմեն։
«Փոքր տնտեսություն ունեցող Հայաստանում կա նաև սեզոնայնություն, այդ թվում՝ երկիր ժամանող այցելուների, սփյուռքի ներկայացուցիչների առումով», - պարզաբանել է նա։
Արձագանքելով այն դիտարկմանը, որ իր նշած գործոնները նկատվում են նաև այլ երկրներում, որտեղ գները ցածր են, ԿԲ նախագահը նշել է, որ գնագոյացման հարցում ամենակարևորն առաջարկի գործոններն են։
«Մենք որոշ շուկաներում ժամանակին ունեցել ենք ոչ մրցակցային իրավիճակ։ Այժմ ավելի լավ մրցակցային դիրքում ենք, բայց գներն ավելի բարձր են։ Սա ենթադրում է բնական ֆենոմենների առկայություն, որոնք արտացոլվում են գների մակարդակում», - ասել է Գալստյանը։
ԱՎԾ–ի տվյալներով՝ այս տարվա օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%, իսկ հուլիսի համեմատ՝ 0,2%։