Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

ՏԿԵ նախարարն անդրադարձել է ՀԷՑ-ի և Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի աշխատանքների հետ կապված խնդիրներին

01.07.2025, 16:05
ՏԿԵ նախարարը պարզաբանել է,թե որն է  ՀԷՑ-ի ազգայնացման անհրաժեշտությունը
ՏԿԵ նախարարն անդրադարձել է  ՀԷՑ-ի և Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի աշխատանքների հետ կապված խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած հարցերին, թե երբ է ծագել ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը: 

«ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը քաղաքական հայտարարությունից հետո չի ծագել։ Դա ծագել է քաղաքական հայտարարությունից առաջ, հանձնարարվել է Հանրապետության վարչապետի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և անձամբ ինձ։ Հանձնարարականը եղել է գրավոր, ինձ մոտ առնվազն տպավորությունը այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան»,-ասաց նա։

Ըստ նրա՝ հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները՝ մանավանդ անջատումների թվով, խախտված են, և քննարկումները հանգեցրել են նրան, որ ՀԷՑ-ը տարեվերջին առնվազն 12,5 միլիարդ դրամի ակտավորվելու է, դրան գումարած ՀՀ վարչապետը մեկամսյա ժամկետ է տվել քայլեր ձեռնարկելու համար:

«Այդ երկուսից ընդամենը 3 օր հետո ձեզ հայտնի քաղաքական հայտարարությունն է արվում»,- պարզաբանեց նախարարը՝ ընդգծելով՝ ինքը կցանկանար, որ մենք դասավորությունը տեսնեինք հենց այս տրամաբանության մեջ: 

«Ինչ վերաբերում է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի (ԲԷՑ) աշխատանքին, Իրան-Հայաստան գծի շինաշխատանքները մեկնարկել են շատ ավելի վաղ, այդ գծի աշխատանքների ուշացման պատճառը ոչ միայն կառավարման հետ կապված խնդիրներն են, այլև շինարարական ընկերության հետ կապված խնդիրները, կա նաև գողության հետ կապված խնդիր»,-ասաց նա։

«Այդ ենթակայանից տրանսֆորմատորներ են գողացվել, քրգործ կա հարուցված, պետությունը ֆինանսավորել է նորերի բերումը Իրանից: Պիտի ուրախությամբ ասեմ՝ մի քանի օր առաջ ԲԷՑ-ի մեր գործընկերներն այնտեղ են եղել, գործարանում արդեն փորձարկում են իրականացրել, և առաջիկայում այդ ապրանքը կուղևորվի Հայաստան»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ թեկուզ դժվարությամբ, բայց ծրագիրն այս պահին լայն թափով ընթանում է:

Օրենսդրական նախագծի մասին

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնք նախատեսում են ՀՀ-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկական ոլորտի օպերատորների նկատմամբ վարչական վարույթ հարուցելուն վերաբերող հարցեր։

Առաջարկվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը, սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները:

Փորձագետների կարծիքը

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, վարչապետ Փաշինյանի կողմից հայտարարված «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության (ՀԷԾ) ազգայնացման գործարքը կկոտրի երկրի տնտեսության «ողնաշարը» և կվախեցնի ներքին ու օտարերկրյա ներդրողներին: Նրա գնահատականով՝ պլանավորված ազգայնացման իրավական հետևանքները բավականին ծանր են: Արամյանը բացատրել է, որ օրենքի համաձայն՝ ազգայնացման դեպքում օտարերկրյա ներդրողին փոխհատուցվում է ազգայնացվող գույքի արժեքը (այսօր ՀԷԾ-ի բալանսում իր բոլոր ակտիվներով մեկտեղ մոտ 337 մլրդ դրամ է, այսինքն՝ 870 մլն դոլար):

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման գործընթացն ի սկզբանե վարկաբեկված է քաղաքական տեսանկյունից։ Նրա խոսքով, բիզնես կսկսի «փորձարկել» իրավիճակն իր վրա, և եթե կարծի, որ ինքն էլ կարող է հայտնվել իշխանությունների նշանառության տակ, և կա գոնե նվազագույն ռիսկ, որ նրա ակտիվները նույնպես կխլեն, ապա նա կմտածի Հայաստանից հեռանալու մասին։

Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանելով ՀԷՑ–ի շուրջ տիորղ իրավիճակը, նշել է, որ սա ինչ–որ «խանութ» չէ, որը կարելի է վերցնել ու ազգայնացնել։ Նա ընդգծել է, որ Հայաստանում չկա «Ազգայնացման մասին» օրենք, այդ պատճառով նման պայմաններում ազգայնացման մասին խոսելը տարրական անգրագիտություն է։ Մանասերյանն ավելացրել է, որ երկրի տնտեսության ֆունկցիոնալության տեսակետից նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենա ՀԷՑ–ի նման օբյեկտի ազգայնացումը։

«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ համապատասխան օրենսդրական բազայի առկայության պայմաններում, ինչպես նախատեսված է Հայաստանում, կառավարությունը կարող է արդյունավետ կերպով վերահսկել ենթակառուցվածքների կառավարումը՝ սակագների կարգավորման, ստանդարտների սահմանման, որակի և թափանցիկության ապահովման միջոցով: Նրա խոսքերով՝ այդպիսի պայմաններում ազգայնացման ուղղությամբ քայլը չափազանց ռիսկային որոշում է, որը կարող է խարխլել ներդրումային վստահությունը և հանգեցնել թանկարժեք միջազգային վեճերի:

ՀԷՑ–ի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս է կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 միլիոն բաժանորդի։

2016 թվականից ի վեր «Տաշիր» խումբը միայն ՀԷՑ-ի արդիականացման համար ներդրել է մոտ 680 միլիոն դոլար, ևս 150-200 միլիոն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է ՀԷՑ-ի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի էներգետիկ համակարգում հասցնել 540 միլիարդ դրամի (գրեթե 1.4 միլիարդ դոլարի):

   Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում