TRIPP շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում․ Սիմոնյանը՝ նախագծին ՌԴ-ի հնարավոր ներգրավման մասին
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Factor tv-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի՝ TRIPP-ին միանալու հավանականությանը։
Նա հայտնել է, որ չի կարող նման պնդում անել, քանի որ TRIPP-ը նախևառաջ հայ-ամերիկյան կազմակերպություն է։
«Եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղի կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին որևիցե նախաձեռնություն։ TRIPP շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի», - ասել է Սիմոնյանը։
Անդրադառնալով ռուսական կողմի ցուցաբերած հետաքրքրությանը՝ ԱԺ նախագահն այն բնորոշել է որպես գերտերություններին բնորոշ նորմալ գործելաոճ։
Նրա դիտարկմամբ՝ դրանում նոր և արտառոց ոչինչ չկա, քանի որ բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում իրենց ազդեցությունն ունենալով։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։