Բնական պաշարների գերշահագործումը Հայաստանի հիմնական բնապահպանական խնդիրն է. փոխնախարար
10.07.2012,
16:24
Բնական պաշարների գերշահագործումն այսօր Հայաստանի հիմնական բնապահպանական խնդիրն է, հայտարարեց բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բնական պաշարների գերշահագործումն այսօր Հայաստանի հիմնական բնապահպանական խնդիրն է, հայտարարեց բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը։
«Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե առաջիկա 10 տարիներին մենք չկարողանանք լուծել այդ հարցը քաղաքակիրթ մեթոդներով։ Խոսքը ջրային, բուսական, կենդանական պաշարների, անտառապահպանության, ընդերքի գերշահագործման հետ կապված խնդիրների մասին է»,- երեքշաբթի ասաց Պապյանը՝ լրագրողներին ներկայացնելով Հայաստանի՝ Ազգային գնահատման զեկույցում ներառված հիմնական մարտահրավերները։
Զեկույցը Հայաստանի կողմից ներկայացվել է 2012 թվականին ՄԱԿ-ի «Ռիո-20» զարգացման և շրջակա միջավայրի համաժողովում (Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողով)։
Փոխնախարարի խոսքով` նշված մարտահրավերներին զուգընթաց անցած տարիներին Հայաստանը բնապահպանության ոլորտում դրական արդյունքների է հասել։
«Սկսած 2001 թվականից առ այսօր Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 մետրով։ Բարելավվում է ջրի որակը, քանի որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն մաքրման կայանները»,- տեղեկացրեց նա։
Մեկ այլ ձեռքբերում նա համարեց հատուկ պահպանվող տարածքների մակերեսների ընդլայնումը, երկու ազգային պարկերի և մի քանի արգելոցների ստեղծումը։ «Արդեն այսօր հանրապետության տարածքի 13 տոկոսը հատուկ պահպանվող տարածք է (ներառյալ Սևանա լճի հայելին)»,- ավելացրեց նա։
Պապյանի խոսքով, ևս մեկ դրական ցուցանիշ է Հայաստանում ընդհանուր ջրամատակարարման ավելացումն օրական 6 ժամից (2004 թ.) մինչև 15 ժամ։
Բացի այդ, բնապահպանության փոխնախարարը նշեց, որ անցյալ մի քանի տարիներին Հայաստանում վերականգնվել է 32 հազ. հա անտառային տարածք։
Ազգային զեկույցի մշակման նպատակը Հայաստանի կողմից 1992 թ. առաջին գագաթնաժողովից հետո անցկացված վերլուծությունն է կայուն զարգացման հասնելու ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի առջև կանգնած գլոբալ և ազգային մարտահրավերների սահմանումն առաջիկա տասնամյակում։ -0-