Վարչապետն անդրադարձել է TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության հարցին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է TRIPP նախագծին Ռուսաստանի մասնակցության հարցին և հայտնել, որ այն Հայաստան-ԱՄՆ նախագիծ է և 3-րդ կողմի մասնակցությունը պետք է տեղի ունենան Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնության պայմաններում միայն։
«Իմ դիրքորոշումն այն է, որ ուրիշ բաժնետերեր պետք է չլինեն TRIPP-ի մեջ, բայց TRIPP-ը գնում, կպնում է ուրիշ ենթակառուցվածքների։ Այնպես չէ, որ Հայաստանի և աշխարհի բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները TRIPP-ի մաս են», – ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է Տրանսկասպյան երկաթուղուն՝ նշելով, որ այդտեղ բազմաթիվ երկաթուղիներ կան, գազամուղներ կան, նավթամուղ, էլեկտրաէներգիայի արտահանում կա, արտադրություն կա։
«Այդ բոլոր ենթակառուցվածքներում ամենատարբեր ներդրողներ կարող են մասնակցել։ Ռուսոաստաի պարագայում խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով Ախուրիկի, Երասխի հատվածը վերականգնեն, նաև Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի», - ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրել, որ TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ–ի ներդրումային ծրագիր է, բայց այդտեղ կան տարբեր շահառուներ, որոնք օգտվելու են և հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից և մասնակցելու այդ ծրագրի իրականացման արդյունքում առաջացած և առաջացող հնարավորությունների օգտագործմանն ամենատարբեր ոլորտներում։