Վարչապետը բացատրեց` ինչու հայաստանցիները պետք է գնեն տեղական արտադրանք
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի խորհրդարանում խոսեց արտահանողական հավակնությունների մասին և կոչ արեց Հայաստանի բնակիչներին գնել տեղական արտադրանք։
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի քննարկում է կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը։
«Մենք մտադիր ենք զարգացնել արտահանողական տնտեսությունը։ Դա կարևոր է երկար գործող մենաշնորհների և մեր կառավարության` դրանց դեմ հաջողված պայքարի համատեքստում։ Հայկական շուկան շատ փոքր է զանազան ճյուղերի կտրուկ աճի համար։ Հետևաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել արտահանմանը, այդ թվում` միկրոբիզնեսի մասնակցությամբ, ՓՄՁ–ին, որտեղ հիմնական ուղղություններ պետք է դառնան զբոսաշրջությունը և ինտերնետ առևտուրը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, դա վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում` գյուղատնտեսությանը, բարձր տեխնոլոգիաներին, ՏՏ–ին, թեթև և ծանր արդյունաբերությանը, մետաղագործությանը, բանկային համակարգին։ Ինչ վերաբերում է կրթության և առողջապահության ոլորտներին, ապա դրանց հիմնական խնդիրը կդառնա ծառայությունների արտահանումը և օտարերկրացի հաճախորդների ներգրավումը։
«Ներքին շուկան պետք է դառնա տնտեսության բոլոր ոլորտների հիմքը։ Օգտվելով առիթից` կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին բոլոր ոլորտներում նախընտրությունը տալ հայրենական արտադրանքին»,– ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ արտահանման հարցում Հայաստանը ԵՄ–ի և ԵՏՄ–ի հետ գործակցության համատեքստում անսահմանափակ հնարավորություններ ունի։
Փաշինյանը հիշեցրեց, որ ԵՏՄ–ն գործակցում է Վիետնամի և Իրանի հետ, և երկրների ցանկը կընդլայնվի։
Բացի այդ, նա հիշեցրեց, որ Հայաստանն օգտվում է GSP և GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմներից մի շարք արևմտյան երկրների հետ, ինչը խոսում է արտահանման չօգտագործված հսկա ներուժի մասին։
Արտահանման ոլորտի գերակա խնդիրների թվում նա նշեց հայկական ապրանքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, արտադրության և մարքեթինգի անհրաժեշտ ծավալների առկայության կարևորությունը։
Գերակա խնդիրների թվում նա նշեց հումքի արտահանումից անցումը պատրաստի արտադրանքի արտահանման, ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանմանը։
«Այս խնդիրը լուծելու համար կարևոր է բարձրացնել հայկական արտադրության մրցունակությունը, դա կլինի կառավարության գործունեության առաջնահերթ ուղղությունը։ Հավասարակշռված հարկային համակարգի և աշխատանքի արտադրողականության բարձրացման օգնությամբ կաճի տնտեսության մրցունակությունը», – ասաց Փաշինյանը։
Այս համատեքստում նա կարևորեց վարկերի հասանելիության ապահովումն ու տոկոսադրույքների հետևողական նվազումը, ֆինանսական կայունությունը։
Կառավարության ղեկավարը հույս հայնտեց, որ ԿԲ–ն կկարողանա արդյունավետ կերպով լուծել այդ հարցերը։
Տնտեսության զարգացման կարևոր ասպեկտների թվում նա նաև խոսեց ներառական տնտեսության զարգացման մասին`նշելով, որ հիմա այն գտնվում է կախվածության մեջ խոշոր ընկերություններից, և դա կարող է հանգեցնել ցնցումների։–0–