Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Վերջին 11 տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ. դեսպան

14.12.2012, 19:51
Վերջին 11 տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 14 անգամ` շուրջ 2 մլն դոլարից հասնելով 35 մլն դոլարի, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Վերջին 11 տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին 11 տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 14 անգամ` շուրջ 2 մլն դոլարից հասնելով 35 մլն դոլարի, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

«Չնայած ապրանքաշրջանառության աճին` Հայաստանի առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Բելառուսին ընդամենը 2 տոկոս է բաժին ընկել: Դա այն թիվը չէ, որը կարող էր այսօր մեզ գոհացնել` հաշվի առնելով այն սերտ հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրները»,- ասաց նա:

Ըստ Սուխորենկոյի, հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, մասնավորապես` Հայաստանի շրջափակումը, լոգիստիկայի հետ կապված խնդիրը և հայկական շուկայի գերհագեցված լինելը:

«Այնուհանդերձ, մենք վճռական ենք տրամադրված: Բավական մանրակրկիտ վերլուծություն ենք անցկացրել առկա խնդիրների և այն հնարավորությունների վերաբերյալ, որոնք այսօր կարելի է օգտագործել մեր առևտրատնտեսական համագործակցությունն ավելացնելու համար»,- նշեց դեսպանը` ավելացնելով, որ հայ-բելառուսական համագործակցության հեռանկարային ուղղություններն են հանդիսանում Հայաստանում բելառուսական տեխնիկայի լիզինգային մատակարարման կազմակերպումը, ինչպես նաև արդյունաբերական համագործակցությունն ու ոսկերչության ոլորտը։

Հայաստանի և Բելառուսի արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 28,4 մլն դոլար և 60,6 տոկոսով ավելացել է 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում ներմուծումը կազմել է 24,1 մլն դոլար (57,2% աճ), արտահանումը` 4,3 մլն դոլար (82,5% աճ):

Ներկրման մեջ բելառուսական արտահանման մասնաբաժինը 2012թ.-ին կազմել է 0,9 տոկոս, ինչը 0,3 տ.կ.-ով շատ է նախորդ տարվա մակարդակից:

Հայաստան ներմուծած բելառուսական ապրանքների կառուցվածքում 2012թ.-ին գերիշխել են բեռնատար ավտոմեքենաները (16%), անվադողերը (13,4%), տրակտորները (5,2%), կարագը (3,3%), թուղթը և ստվարաթուղթը (3,2%), դեղորայքային միջոցները (3%), սինթետիկ կտորները ( 2,8%), կաշին (2,3%), ֆաներան  (2,1%):

Բելառուս արտահանած հայկական ապրանքի կառուցվածքում 2012թ.-ին գերիշխել են թունդ ալկոհոլային խմիչքները (56,1%), նավթամթերքը (4,3%), ապակե տարաները (2,8%), թղթի և ստվարաթղթի արտադրության համար նախատեսված սարքը (2,4%), թղթից և ստվարաթղթից պատրաստված տարաները (2,4%), դեղորայքային միջոցները (2,3%), կոլոիդային վիճակում գտնվող թանկարժեք մետաղները (1,6%), հանքային ջրերը (1,4%): —0—