Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանի հիմնական խնդիրներից մեկը վատ ճանապարհներն են. Յուրի Վարդանյան

17.04.2013, 15:33
Լեգենդար հայ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը մայրաքաղաքի հիմնական խնդիրներից մեկը համարում է վատ ճանապարհները։
Երևանի հիմնական խնդիրներից մեկը վատ ճանապարհներն են. Յուրի Վարդանյան
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեգենդար հայ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը մայրաքաղաքի հիմնական խնդիրներից մեկը համարում է վատ ճանապարհները։

«Ես առաջնահերթ եմ համարում մայրաքաղաքի ճանապարհների խնդրի լուծումը։ Ես երկար ժամանակ ԱՄՆ–ում եմ ապրել, եղել եմ աշխարհի շուրջ 120 երկրներում և շատ կցանկանայի, որպեսզի իմ հայրենիքի մայրաքաղաքը վերցնի եվրոպական քաղաքների լավագույն փորձը»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Վարդանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ վերջին չորս տարիների ընթացքում տվյալ խնդիրն աստիճանաբար գտնում է իր լուծումը, սակայն առջևում դեռ շատ աշխատանքներ կան։

«Ես բազմիցս մայրաքաղաքի խնդիրների մասին զրուցել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով, իմ կարծիքով, ջանքեր է գործադրում քաղաքի խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ կարող եմ ասել, որ մեր քաղաքում անլուծելի խնդիրներն այնքան շատ են, որ նույնիսկ Երևանի քաղաքապետի պաշտոնում Եվրոպայի լավագույն քաղաքապետին նշանակելու դեպքում խնդիրները չեն լուծվի պաշարների բացակայության պատճառով»,– կարծում է մարզիկը։

Այլ խնդիրներից Վարդանյանը նշել է համատիրությունների վատ կազմակերպումը։  Միաժամանակ նա նշեց, որ վերջին տարիներին Երևանում արդեն որոշակի առաջընթաց կա, և Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկած մայրաքաղաքի բարեփոխումների ծրագիրը, որը ներկայացնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առավել իրականացվող է։

«Ես կարծում եմ, որ Մարգարյանը փորձ ունի և կկարողանա իրականացնել ներկայացված ծրագիրը` քաղաքապետի պաշտոնում վերընտրվելուց հետո»,– ասաց Վարդանյանը։

Յուրի Վարդանյանն անվանի ծանրամարտիկ է, աշխարհի 43 անգամվա  ռեկորդակիր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ–ի բազմակի չեմպիոն։ ԽՍՀՄ–ի սպորտի վաստակավոր վարպետ է։ Յուրի Վարդանյանի անունն ընդգրկված է ծանրամարտի Փառքի սրահում։

Երևանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին։ Ավագանու խորհուրդն ընտրում է քաղաքի քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն` քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանու է այն խմբակցություններին, որոնք մտնում են Ավագանու խորհրդի կազմում։ Քաղաքապետը պետք է ընտրվի Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Ավագանու ընտրություններին գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։ –0–