Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամը հաստատել է Հայաստանում երկու ներդրումային նախագծերի իրականացման հայեցակարգերը

27.06.2013, 13:03
ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանում և Ղրղըզստանում երեք ներդրումային նախագծերի իրականացման հայեցակարգերը և Զարգացման եվրասիական բանկի եզրակացությունները` ՀՃՀ–ի միջոցներից ֆինանսավորելու համապատասխան նախնական հայտերի հիման վրա։ Այդ որոշումները ՀՃՀ–ի խորհրդին թույլ են տալիս սկսել ՏԷՀ նախագծերի նախապատրաստումը, հաղորդում է ԶԵԱԲ–ի մամուլի կենտրոնը։
ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամը հաստատել է Հայաստանում երկու ներդրումային նախագծերի իրականացման հայեցակարգերը
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանում և Ղրղըզստանում երեք ներդրումային նախագծերի իրականացման հայեցակարգերը և Զարգացման եվրասիական բանկի եզրակացությունները` ՀՃՀ–ի միջոցներից ֆինանսավորելու համապատասխան նախնական հայտերի հիման վրա։ Այդ որոշումները ՀՃՀ–ի խորհրդին թույլ են տալիս սկսել ՏԷՀ նախագծերի նախապատրաստումը, հաղորդում է ԶԵԱԲ–ի մամուլի կենտրոնը։

Խոսքը վերաբերում է Հայաստանում իրականացվող երկու ներդրումային նախագծերի` «Ոռոգման համակարգերի ինստիտուցիոնալ հնարավորությունների արդիականացումն ու զարգացումը» և ««Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը (4 հերթ)», ինչպես նաև Ղրղըզստանի Հանրապետությունում իրականացվող մեկ նախագծի` «Ղրղըզստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորում»։

Նիստի ընթացքում հաստատվել է 2012թ.–ին Հիմնադրամի միջոցների կառավարման գործունեության մասին տարեկան հաշվետվությունը, քննարկվել է ընթացիկ տարվա Հիմնադրամի գործունեության ծրագրի իրագործման ընթացքը, ինչպես նաև վերանայվել են Հիմնադրամի ինստիտուցիոնալ զարգացման և ընթացիկ գործունեության մյուս հարցերը։

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել էր ԶԵԱԲ–ի Երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը, «Հյուսիս–Հարավ» նախագծի համար Զարգացման եվրասիական բանկի կողմից Հայաստանին 100 մլն դոլար տրամադրելու հարցը կարող է քննարկվել արդեն հունիսի վերջին։

Իգնատովի խոսքով, դրական որոշման դեպքում բանկը կսպասի Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության պատվերով մշակվող տեխնիկական առաջադրանքի նախապատրաստմանը, և Հակաճգնաժամային հիմնադրամի հետ առևտրատնտեսական շրջանառության քննարկման արդյունքներով, նախագիծը կարող է վերջնականապես հաստատվել։

ԶԵԱԲ–ի փորձագիտական խորհուրդն այս տարվա ապրիլին դրական է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ԶԵԱԲ Հակաճգնաժամային հիմնադրամին մայրուղու հարավային հատվածներից մեկի տեխնիկական վերահսկման, նախագծման և կառուցման աշխատանքների համար 100 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ հայտը։

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով` հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, որի շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում, ծրագրվում է ամբողջությամբ ավարտել 2017 թվականին։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։

ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԶԵԱԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–