Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակելի տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն դոլար

22.08.2014, 15:32
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակելի տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն դոլար, տեղեկացրեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակելի տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակելի տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն դոլար, տեղեկացրեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի մոտակայքում երկու բնակելի շենք է գտնվում և մեկ հանրակացարան, որոնք, կոնցեսիոների գնահատմամբ, խոչընդոտում են աերոնավիգացիային: Այդ շենքերը նախատեսվում է քանդել այն բանից հետո, երբ դրանց բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից արդեն իսկ ավարտվել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի սեփականատերերի համար նախատեսված նոր շենքերի կառուցման աշխատանքները: Այս տարվա հունիսի 14-ին բազմաբնակարան շենքերը, որոնք գտնվում են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում, հանձնվել են շահագործման: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ նոր բնակարանների սեփականության վկայականները տրամադրելու ուղղությամբ, ինչից հետո կսկսվի 66 շահառու ընտանիքների տեղափոխման գործընթացը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի հանրակացարանում բնակվող ևս 90 ընտանիքների վերաբնակեցմանը, ապա աշխատանքներն այդ ուղղությամբ դեռ ընթացքի մեջ են:
Ավելի վաղ ներկայացված գնահատականների համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակելի տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում էր 15 մլն դոլար: Ծրագրով նախատեսվում է վերաբնակեցնել 176 ընտանիք, ովքեր բնակվում են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող բնակելի շենքերում և հանրակացարանում:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։ -0-