Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԶԵԱԲ-ի վարչության նախագահը մատնանշել է Հայաստանի տնտեսության զարգացման բացասական միտումները

11.12.2012, 16:54
Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը մատնանշել է Հայաստանի տնտեսության զարգացման բացասական միտումները:
ԶԵԱԲ-ի վարչության նախագահը մատնանշել է Հայաստանի տնտեսության զարգացման բացասական միտումները
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը մատնանշել է Հայաստանի տնտեսության զարգացման բացասական միտումները:
 
«Հայաստանի տնտեսության զարգացման բացական միտում կա, մենք որոշակի դանդաղում ենք նկատում, թեև տնտեսական ակտիվության մակարդակը գտնվում է բարձր մակարդակում՝ 7,9 տոկոս: Լավ ցուցանիշներ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտում, սակայն կան նաև այնպիսի միտումներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Ֆինոգենովը:
Ըստ նրա՝ դա, մասնավորապես, վերաբերում է արտաքին առևտրի պակասուրդին, որն ավելացել է՝ հասնելով 974 մլն դոլարի:

«Հաշվի առնելով 2012թ.-ի ուղիղ արտասահմանյան ներդրումների փոքր-ինչ սահմանափակությունը` նման արտաքին առևտրային պակասուրդն իշխանությունների համար մարտահրավեր է մնում: Բացի այդ, ՀՀ տնտեսությունը բավականին վարկավորված է, և նոր վարկերի ներգրավման հաշվին այդ պակասուրդը ծածկելը դժվար կլինի»,- ավելացրեց նա:

Ֆինոգենովն ընդգծեց, որ այդ խնդրի լուծման ճանապարհներից մեկն ուղիղ ներդրումներն են:

«Պետք է ավելի շատ զբաղվել ներդրումների ներգրավմամբ»,- նշեց նա:

Միաժամանակ ԶԵԱԲ-ի վարչության նախագահը նշեց, որ Հայաստանի արտասահմանյան ներդրումների 50 տոկոսը ռուսական են:

«Դա, իհարկե, որոշում է երկար տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, սակայն, այդուհանդերձ, պետք չէ մոռանալ փոխադարձ ներդրումների ներուժի մասին այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են օրինակ՝ Ղազախստանը և Ուկրաինան: Այժմ Հայաստանում այդ դաշտում փաստացիորեն լիակատար լռություն է»,- ասաց նա:

Ինչպես կարծում է Ֆինոգենովը, Հայաստանից դուրս եկող և Հայաստան մտնող  ներդրումային հոսքերը պետք է դիվերսիֆիկացվեն, և առաջին հերթին Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԱՊՀ մյուս երկրների և Վրաստանի հետ փոխգործակցության հաշվին, «առավել ևս` այդ երկրների հետ տնտեսապես սերտ հարաբերությունները քաղաքականապես մոտիվացված  են»:

«Չնայած նրան, որ հետխորհրդային տարիներին ԱՊՀ-ի և Վրաստանի տարածքում փոխադարձ ներդրումներն առավելապես նավթագազային և հումքային հատված են գնացել, այժմ աճի այնպիսի կետերի և փոխադարձ ներդրումների համար այնպիսի ոլորտների զարգացման միտում է նկատվում, ինչպիսիք են մեքենաշինությունը, անշարժ գույքը, հյուրանոցային բիզնեսը, հեռահաղորդակցությունը, սննդի արդյունաբերությունը: Դրանք այն ոլորտներն են, որտեղ Հայաստանը նվազագույնը ոչնչով չի զիջում ԱՊՀ մյուս երկրներին: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհին Հայաստանը կարող է շատ բանի հասնել և լուծել այն տարբեր հարցերը, որոնք այսօր կանգնած են երկրի տնտեսության առջև»,- նշեց նա:

Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված արտասահմանյան ներդրումների համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ, կրճատվել է 35,2 տոկոսով՝ կազմելով 391 մլն դոլար: Հայաստանի իրական հատված կատարված ուղիղ արտասահմանյան ներդրումները 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 221,3 մլն դոլար՝ 2011թ.-ի 9 ամիսների 479,4 մլն դոլարի դիմաց:

Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջ խնդիր էր դրել 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ: Նախորդ տարվա արդյունքում այդ ցուցանիշը կազմել է 4,6 տոկոս:

Վիճակագրական տվյալների համաձայն` հայկական տնտեսությունում 2012թ.-ի հոկտեմբերին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության 4,9 տոկոսանոց աճ է գրանցվել: -0-