Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Վանաձոր–Ալավերդի մայրուղու երթևեկությունը վերականգնվել է, սակայն քարաթափման վտանգը դեռ չի վերացել. ԱԻՆ

21.08.2014, 15:07
Վանաձոր–Ալավերդի մայրուղու երթևեկությունը վերականգնվել է, սակայն քարաթափման վտանգը դեռ չի վերացել, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի արտակարգի իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Վանաձոր–Ալավերդի մայրուղու երթևեկությունը վերականգնվել է, սակայն քարաթափման վտանգը դեռ չի վերացել. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վանաձոր–Ալավերդի մայրուղու երթևեկությունը վերականգնվել է, սակայն քարաթափման վտանգը դեռ չի վերացել, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի արտակարգի իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Երեկ երեկոյան 7։30–ի սահմաններում ԱԻՆ–ը տեղեկություն էր ստացել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտակայքում ճանապարհահատվածի վրա կախված ժայռաբեկորների ապամոնտաժման համար միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 26-րդ կմ է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը, որը պարզել է, որ սելավի և քամու պատճառով մայրուղուն հարող ժայռից ժայռաբեկորներ են պոկվել։ Դրա հետևանքով մայրուղին 8 մետր լայնությամբ անանցանելի է դարձել բեռնատար մեքենաների համար, իսկ մարդատարների համար` դժվարանցանելի։

Ինչպես նշեց նախարարը, ճանապարհը մաքրվել է արդեն նույն օրվա երեկոյան, իսկ երթևեկությունը` վերականգնվել, սակայն տվյալ հատվածում մնացել են քարեր, որոնք կարող են թափվել տեղումների կամ ցնցումների հետևանքով։

«Երթևեկությունը տվյալ հատվածում այս պահին բաց է, սակայն դեռ քարաթափման վտանգ կա, ինչի կապակցությամբ տարվում են աշխատանքներ, որոնց ընթացքի մասին կհաղորդվի լրացուցիչ»,– ասաց Երիցյանը։

Նա հայտնեց նաև, որ տվյալ ուղղությամբ վնասվել է ճանապարհի երկրորդ հատվածը` Վանաձոր–Ալավերդի ավտոմայրուղու 25–րդ կիլոմետրում, դեպի Վահագնի տանող ճանապարհի հատման կետում, մայրուղու տակ անցնող ջրահեռացման խցանման պատճառով, սելավային ջրերը ողողել են մայրուղին և վնասել 25 մետր երկայնքով երթևեկելի հատվածը։

Նախարարը հայտնեց, որ կեսգիշերին վթարավերականգնողական աշխատանքները դադարեցվել են։ Մայրուղու վտանգավոր հատվածներում երթևեկության անվտանգությունն ապահովելու համար տեղադրվել են երթևեկության նշաններ։ Հինգշաբթի առավոտից վերականգնման աշխատանքները վերսկսվել են, որոնցում ներգրավվել են փրկարարներ և Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։

Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն իր հերթին հայտնեց, որ այդ հատվածում տարերային աղետի հետևանքները վերացվել են, աշխատանքները շարունակվում են` իրավիճակի կրկնությունը բացառելու համար։

«Սա վտանգավոր հատված է, որտեղ երեք ամիս առաջ կրկին նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել, ինչի հետևանքով հատվածը լրացուցիչ ուշադրություն է պահանջում»,– ասաց Առաքելյանը։ -0-