Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանի կողմից Սաֆարովի հերոսացումը կնպաստի տարածաշրջանային լարվածության աճին. Բորդյուժա

03.09.2012, 15:03
2004թ.-ին հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը հակասում է միջազգային իրավունքների նորմերին, իսկ նրա հերոսացումը միայն կնպաստի առանց այդ էլ տարածաշրջանի բարձր լարվածության աճին, ասվում է երկուշաբթի տարածված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2004թ.-ին հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը հակասում է միջազգային իրավունքների նորմերին, իսկ նրա հերոսացումը միայն կնպաստի առանց այդ էլ տարածաշրջանի բարձր լարվածության աճին, ասվում է երկուշաբթի տարածված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանության մեջ:

«Հայ սպային սպանած Հունգարիայի Հանրապետությունից արտահանձնված մարդասպանի ներման և պատասխանատվությունից ազատելու մասին Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքների նորմերին, կասկածի տակ է դնում հանցագործության հակազդման միջպետական համակարգի կենսունակությունը»,- նշվում է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդտեղ նաև ասվում է, որ «քաղաքական իրադրային նպատակներով արված այդ քայլը չի կարող ոչնչով արդարացվել»:

«Հանցագործի հերոասցումը միայն կնպաստի առանց այդ էլ տարածաշրջանում առկա բարձր լարվածության աճին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը չի ուշանա կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու հարցում»,- ընդգծում է Բորդյուժան:

Հունգարիայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ աղմուկը բարձրացել է ուրբաթ, այն բանից հետո, երբ Բուդապեշտն Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Բուդապեշտում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ.-ի մայիսի 15-ին՝ ԱՊՀ անդամ երկրների կողմից: ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: -0-