Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Եթե ՀՀ–ն դադարեցնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, էներգակիրների և պարենային ապրանքների գները կբարձրանան, 70-80%-ով կնվազի հայկական ապրանքների արտահանումը․ ՌԴ փոխվարչապետ

10.01.2025, 11:21
«Եթե ՀՀ–ն դադարի ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները, մարդիկ կկորցնեն աշխատանքը, եկամուտը, փոխարենը կստանան առանց վիզայի ռեժիմ ԵՄ–ի հետ, և Հայաստանը կզրկվի բնակչությունից», – ասել է ՌԴ փոխվարչապետը
Եթե ՀՀ–ն դադարեցնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, էներգակիրների և պարենային ապրանքների գները կբարձրանան, 70-80%-ով կնվազի հայկական ապրանքների արտահանումը․ ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱն, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի անդամակցության հետ, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկուսն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Անհնար է պատկերացնել, որ այդ երկու միություններն ինչ–որ կետում կհանդիպեն։ Ուստի Հայաստանում դիտարկվող «ԵՄ–ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն այդ երկրին ընտրության առջև է դնում։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ «եթե Հայաստանը դադարեցնի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կբարձրանան էներգակիրների և պարենային ապրանքների գները, մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։

«Այսպիսով, հասարակ մարդիկ կկորցնեն իրենց եկամուտը, աշխատանքը և կսկսեն ավելի շատ վճարել առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Դրա փոխարեն նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, իսկ Հայաստանը կզրկվի բնակչությունից»,- հավելել է նա։

Օվերչուկի խոսքով, «այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, իսկ հաշվի առնելով Եվրամիության առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրները՝ ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ»:

Ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետը, եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրինագծի մշակողները «լիովին ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ մյուս երկրների հանդեպ, ապա կարող էին օրինագիծն անմիջապես լրացնել այն. հոդվածով, որտեղ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից»։

«Ի վերջո, ինչո՞ւ կառչել ԵԱՏՄ-ից, որում չես ցանկանում լինել, այնպես չէ՞։ Եթե հարցն այսպես չի դրվում, նշանակում է, որ այս օրինագծի հեղինակները հասկանում են մեր միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքների պատասխանատվությունը», – եզրափակել է նա։

Նշենք, որ նախօրեին ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։