ՀՀ փոխարտգործնախարար. Բաքուն ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իր սադրիչ գործողություններով Ադրբեջանը կրկին ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ավելի վաղ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վանոյանը և Միքայել Թորոսյանը։
Քոչարյանը նաև օրինաչափ է համարել այն փաստը, որ բարձր մակարդակում հանդիպման կազմակերպմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերն ուղեկցվում են Ադրբեջանի սադրիչ գործողություններով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-