ՀԱՊԿ վերադառնալու անդառնալիության կետն անցել ենք. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չենք մասնակցում ոչ փաստաթղթի մշակման, ոչ քննարկման, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ առաջարկի վերաբերյալ վերաբերմունք ենք արտահայտում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պարզապես վետո չի դնում ոչ մի փաստաթղթերի վրա, որովհետև արդեն իսկ համարում է իրեն ՀԱՊԿ-ից դուրս։
«Իրենք ինչ ուզում են, թող որոշեն։ Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը՝ ասելով այստեղ մենք դե յուրե վետո դնելու իրավունք ունենք, դա էլ՝ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ»,-ասաց նա։
Փաշինյանի խոսեց նաև Հայաստանի՝ ՀԱՊԿ վերադարձի մասին։
«Այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։ Կարծում եմ՝ այդտեղ անդառնալիության կետն անցել ենք»,-ասաց Փաշինյանը