44-օրյա պատերազմից անհետացած զենքի մեծ քանակ կա. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս թեմայի շուրջ Անվտանգության խորհրդում քննարկումներ են եղել։
«Ես նաև այդ թեմայով հանձնարարականներ եմ տվել Ներքին գործերի նախարարին, որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունները վերանայենք, որովհետև մեր աշխատած մեթոդաբանություններն այլևս չեն համապատասխանում մարտահրավերներին»,- նշել է նա։
Փաշինյանը կարծում է, որ նոր մեթոդների կիրառությամբ հնարավոր կլինի զենք-զինամթերք հայտնաբերել։
«Պետք է արձանագրել, որ երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը։ Նախկինում մենք քննարկել ենք՝ այստեղ, իրականում, ընտրության հարց կա։ Չեմ կարծում՝ պարզ, միանշանակ հարց է. օրինական զենքը ինչքանո՞վ պետք է հանդուրժելի լինի մեզ համար, և այստեղ կան հայեցակարգային մոտեցումներ, որը հարց է, որ պետք է քննարկել»,- հայտնեց Փաշինյանը։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:53 12.09.2024